04/12/2025

Անհայտ մնացած հարցի պատասխան

Զառայի և Ավետիսի հերթական տեսահաղորդումը դրդեց անդրադառնալ մի հարցի, որը կարծես վաղուց փակված էր: Խոսքը «sms»-ի միջոցով քննչականներից հակակոռուպցիոնի ղեկավար Սասուն Խաչատրյանին պարտադրված հրաժարականի մասին է:

«Հրապարակ»-ի պոդքաստը վարողներic. Որպես սահմանադրական մարմին, այդ կառույցը պետք է որ անկախ լիներ: Եվ դրա ղեկավարին էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իրավունք չուներ հրաժարական պարտադրելու:

Բայց քանի որ Հայաստանում տիրում է նիկոլական բնույթի «ժողովրդավարություն», ապա Խաչատրյանին պաշտոնանկ անելն էր պետք է բնական դիտվեր: Սակայն Զառայի առաջադրած հարցը վերաբերում էր ոչ թե հրաժարական պարտադրելու անօրինականությանը՝ դա ակնհայտ էր, այլ դրա պատճառին: Եվ քանի որ ոգևորության մեջ գտնվող Ավետիսը մոռացավ պատասխանել այդ հարցին՝ փորձեմ լրացնել այդ բացթողումը:

Որպես «Հրապարակ»-ի հեղինակ-հրապարակախոս, ես քննչականների թեմային հազվադեպ եմ անդրադառնում, քանի որ չունեմ դրա համար անհրաժեշտ ինֆորմացիոն շտեմարան: Դա անհրաժեշտ պայման է նման առանձնահատուկ ոլորտների վերաբերյալ լուրջ նյութ գրելու համար՝ գործակալությունների լրագրողներն ինձ կհասկանան:

Ես այդ կանոնը միշտ պահպանում եմ, քանի որ նախորդ դարավերջին և այս դարասկզբին՝ չորս տարի աշխատել եմ նման գործակալություններից մեկում: Իսկ չունենալով համապատասխան տեղեկատվություն, կարող եմ միայն հարցեր բարձրացնել ու վարկածներ առաջարկել: Հատկապես որ, որպես ՀԿ-ներից մեկի բազմամյա նախկին աշխատակից, բավարար չափով տեղյակ եմ հենց կոռուպցիայի և դրա դեմ պայքարի միջոցների մասին: Եվ այն մասին, թե իրականում ինչ դեր է հատկացվում այդ մարմիններին այս կամ այն երկրում:

Ինչևէ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու ուրիշների հետ միասին հրաժարականի դիմում գրելու պարտադրանքով «sms» ստացավ նաև քննչականի պետը, պետք է դիտարկել նրա ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից դատարան հասցված գործերի ճակատագրերի վիճակագրությունը: Այսինքն՝ ի՞նչ բնույթի որքա՞ն գործեր են ուղարկվել դատարան, ու դրանցից որքա՞նն են ավարտվել «հաղթանակով» կամ այլ ճակատագրով: Եվ երկրորդ, ինչն ավելի կարևոր է, այդ գործերից հատկապես նրանք, որ աղմկահարույց են եղել:

Այն է՝ նվիրված են եղել երկրորդ ու երրորդ նախագահներին ու նրանց մերձակա շրջապատին: Ինչպես ասվեց, ինձ մոտ առկա չէ նման տեղեկատվություն, բայց Խաչատրյանին «sms» ուղարկելու փաստը վկայում է, որ դրանք նրա օգտին չեն եղել: Ասեմ, որ դա բավական լուրջ բացթողում էր, քանի որ Նիկոլի օրոք նման կառույցների ակտիվացման նպատակը ոչ թե իսկապես հակակոռուպցիոն պայքարն էր, այլ օրինական շղարշի ներքո նախկիններին խեղճացնելը: Իսկ դա էլ արվում էր իր իշխանության շարունակական վերարտադրությունն ապահովելու նպատակով:

Այստեղ չեմ կարող զուգահեռներ չտանել Հայաստանի վարչապետի և Ուկրաինայի նախագահի գործողությունների միջև: Չնայած երկու պետություններն էլ իբրև թե ժողովրդավարական են, բայց տարբերությունն այն է, որ առաջինի ղեկավարը փողոցի ուժով է տիրացել իր զբաղեցրած պաշտոնին, երկրորդն՝ ընտրությունների միջոցով: Մեր դեպքում պատերազմն ավարտվել է 5 տարի առաջ, երկրորդի դեպքում այն շարունակվում է արդեն 4 տարի: Բայց երկու դեպքում էլ արևմտյան հովանավորությամբ ու գումարներով ստեղծվել են հակակոռուպցիոն քննչական մարմին ու համապատասխան դատարան:

Բայց այստեղ ավարտվում է այդ անձանց առումով նմանությունը. եթե Հայաստանում երկրի ղեկավարը կարող է «sms»-ով կառույցի պետ փոխել, ապա ուկրաինականի դեպքում փորձեցին օրենսդրորեն կրճատել հատկապես քննչական մարմնի լիազորությունները: Եվ ոչ միայն կրճատել, այլև այն դնել գլխավոր դատախզության ենթակայության տակ:

Բայց արևմտյան շրջանակները դա չթույլատրեցին, ու Զելենսկին ստիպված եղավ կրկին փոխել արդեն փոխված օրենսդրությունը: Իսկ թե ինչու էր վերջինս գնացել այդ քայլին, ցույց է տալիս 100 միլիոն դոլարի պետական միջոցների յուրացման՝ Թիմուր Մինդիչի գործը: Որում ներառվածությունը հասել էր նախագահական: Որ բացահայտվել էր հատկապես այդ կառույցի կողմից: Ինչ մնում է Նիկոլին, ապա, ինչպես տեսանք, ոչ ոք ոչինչ չասաց նրան՝ համենայն դեպս հրապարակայնորեն:

Բայց այնպես չէ, որ ընդհանրապես ոչինչ չեն ասում: Ենթադրում եմ, որ, գովելով հանդերձ նրա պարտվողական «խաղարար» ջանքերը, խորհուրդ են տալիս չափը չանցնել ու դրանով չխթանել ընդդիմության գործունեությունը: Որովհետև մեկ-մեկ էքստազի մեջ կարող է մոռանալ ճիշտ պահին և ճիշտ տեղում արգելակելու անհրաժեշտության մասին: Իսկ որպեսզի մեր երկրի ներքին կյանքը որոշվի մեր ընտրած ղեկավարության և ոչ թե գործող իշխանության արևմտյան հովանավորների կողմից, անհրաժեշտ է դրան «Ոչ» ասել գոնե 2026 թվականի հունիսի 7-ին: Ու մեր երկրում հաստատել իսկական և ոչ թե կեղծ ժողովրդավարություն ու ինքնիշխանություն: