04/12/2025

ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի կողմից Փաշինյանի մասին բացահայտումների հետքերով

2 օր առաջ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը սկանդալային տեսանյութ էր տարածել, որտեղ խոսել էր այն մասին, որ դեռեւս 1999 թվականին ԱՄՆ հատուկ ծառայությունները հավաքագրել են Նիկոլ Փաշինյանին եւ օգտագործել որպես գործակալ։

Նա սեղանին դրված թղթապանակն էր ցույց տվել եւ նշել, որ իր ասածները կարող է հիմնավորել գրավոր ապացույցներով, որոնք վերջերս է ձեռք բերել։ «Եթե մեկն ուզում է իմանալ, թե ով է այն մարդը, որը մի քանի պետությունների կողմից համարվում է ազդեցության գործակալ, ապա դա մեր երկրի ղեկավարն է»,- հայտարարել է Կարապետյանը:

«Եթե դա այդպես չէ, ապա ինքը թող ընդամենը բացատրի՝ ինչպես Արարատ Միրզոյանը նշանակվեց ԱԳ նախարար: Սա՝ այն դեպքում, որ պաշտոնակատարն Արմեն Գեւորգյանն էր, դե թող ասի՝ ինչու Գեւորգյանին չնշանակեց, այլ՝ Միրզոյանին: Թող ասի, ու կտեսնենք՝ ով է գտնվել ազդեցության տակ: Եթե շարունակեցին, ապա ես պատմելու եմ այն, ինչ եղել է իրականում: Ասում են՝ ինքնիշխան կառավարություն, ինքնիշխան կառավարություն. ո՛չ այն ժամանակ են եղել ինքնիշխան կառավարություն, ո՛չ էլ հիմա: Թող երգեր չերգեն»,- ասել է նա եւ պատմել, որ ինքը դեռ 2020-ի օգոստոսի 14-ին զգուշացրել է Փաշինյանին, որ պատերազմ է սպասվում:

«Ես նկատեցի, որ ինքը սքրինշոթեր է անում, ես՝ ինքս սկսեցի անձամբ զբաղվել դրանով, ու բոլոր խոսակցությունները նրա հետ իմ մոտ ձայնագրված կա: Ու երեւի ժամանակն է, որ այդ ձայնագրությունները սկսենք տարածել, այդ թվում՝ այն ձայնագրությունը, երբ ես իրեն ասում եմ՝ հավատացեք սեփական հետախուզության տվյալներին: Ես պաշտպանվելու համար եմ ստիպված եղել ձայնագրել, ես հետախուզության պետ եմ եղել 10 տարի…»,- նշել է Կարապետյանը:

«Մենք ունենք ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներից մեկի զեկույցն իր վերադասին այն մասին, որ Փաշինյանը, դեռ 1999 թվականին լինելով թերթի խմբագիր, հավաքագրվել է այդ երկրի հետախուզության կողմից»,- ներկայացրել է նախկին նախարարը եւ պատմել, որ այդ զեկույցում դեսպանատան աշխատակիցը նաեւ նկարագրել է Նիկոլ Փաշինյան ագենտին՝ որպես մարդ, գրել է, որ նա ունի ցածր մարդկային չափանիշներ, ահավոր ինքնասեր է, ժլատ է, հոգեբանական անկայուն վիճակում է, եւ վերջում եզրակացություն՝ հենց այդպիսին էլ նա իրենց պետք է։ Նշել է նաեւ, որ Փաշինյանը գումարներ է ստացել ԱՄՆ կառավարությունից՝ գաղտնի տեղեկություններ տրամադրելու դիմաց։ Կարապետյանը նշել է նաեւ, թե ինքը ստույգ տվյալներ ունի, որ այս տարիներին զենք չի գնվել, որ ինքն ամեն ինչ տալու է թուրքերին, եւ կոչ է արել պայքարել այս իշխանության դեմ։

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Կարապետյանի այս հայտարարությանը, ասաց. «Ես չեմ կարող այս հայտարարությանը միանշանակ լուրջ վերաբերվել, որովհետեւ ինչքանո՞վ է արժանահավատ, որ Կարապետյան Արշակը կարող է հավաստել իր խոսքերը: Փաստեր են պետք: Նա խոսում է խոշոր ազդեցության գործակալների մասին: Կա չորս տեսակի գործակալ: Ազդեցության գործակալների մասին սովորաբար որեւիցե տվյալ չի ֆիքսվում: Հայաստանում կարելի է ասել, որ բոլոր հայտնի կազմակերպությունները, որոնք աշխատում են օտար պետությունների ֆինանսավորմամբ, անխտիր ազդեցության գործակալներ են: Խոսքն այն` մարդու իրավունքներով զբաղվող ՀԿ-ների մասին է, սորոսական գրանտներով ծրագրեր իրականացնողների մասին է եւ այլն: Գաղտնիք չէ, որ նրանք բոլորն աշխատում են դրսի փողերով, ուստի ազդեցության գործակալներ են: Պատահական չէ, որ տարբեր երկրներ այժմ ընդունում են օրենսդրական ակտեր, որոնց համաձայն` արգելվում է օտար պետության կողմից ֆինանսական միջոցներ ստանալն ու գործունեություն ծավալելը: Վրաստանը, Ռուսաստանն ընդունեցին նման օրենքներ»:

Իսկ Ռուսաստանից ֆինանսավորվող կառույցները եւ անձինք ե՞ւս ազդեցության գործակալներ են։ «Այո, ոչ մի տարբերություն չկա: Եթե ֆինանսական միջոցները գալիս են դրսից, դա նշանակում է, որ տվյալ մարդիկ ինչ-որ առումով ազդեցության գործակալներ են: Մարդիկ օրենսդրական ակտեր են ընդունում՝ այդ ամենն արգելելու նպատակով, կամ բավականին լուրջ հսկողություն են սահմանում: Նորից ուզում եմ անդրադառնալ Արշակ Կարապետյանին: Գիտեք, կան բաներ, որոնք գեներալի ուսադիր կրողին, ժամանակին տարբեր կարեւոր պաշտոններ զբաղեցնողին նման պրիմիտիվ ձեւով հայտարարություններ անել չի սազում.. ունի՞ փաստեր, թող հրապարակի: Ունե՞ր փաստեր, ապա ինչո՞ւ էր սպասում մինչ այս պահը, որ այս մարդը գա` Արցախ հանձնի, ինչ ասես անի, Հայաստանի տարածքները կորցնենք, նո՞ր խոսի: Ինչի՞ն էր սպասում, եթե ինքն էլ ազդեցության գործակալ չէ, ինչո՞ւ հենց հիմա որոշեց խոսել: Ես չեմ կարծում, որ այս հայտարարությանն արժե այդքան լուրջ վերաբերվել, բացառապես կարելի է այս մասին խոսել, եթե լինեն փաստեր: Կան շատ հարցեր, խնդիրներ, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք ու հիմա դատական գործերի մեջ ենք, սակայն մենք դա արել ենք` ելնելով մեր դիտարկումներից ու վերլուծություններից»: