Ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրի փոխզիջումային տարբերակ առայժմ չկա: Ամերիկյան որոշ մշակումներ Ռուսաստանի համար ընդունելի են, մյուսները հարմար չեն: Այդ մասին լրագրողներին ասել է արտաքին քաղաքական հարցերով Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Դեկտեմբերի 2-ի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆին և Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են Յուրի Ուշակովը և Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը: Բանակցությունները տևել են շուրջ հինգ ժամ և ավարտվել արդեն դեկտեմբերի 3-ին:
Ուիթկոֆը և Քուշները Վլադիմիր Պուտինին ներկայացրել ուկրաինական կարգավորման նորացված ծրագիր, որ երկու օր առաջ նրանք սկզբունքորեն համաձայնեցրել են Ուկրաինայի պատվիրակության հետ: Վլադիմիր Զելենսկին, որ աշխատանքային այցով գտնում է Նիդեռլանդներում, լրատվամիջոցներին ասել է, որ սպասում է Ուիթկովից «ազդակի»:
Նա հավանական է համարել, որ եվրոպական երկրներից մեկի մայրաքաղաքում կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ: Զելենսկու հետ մոսկովյան բանակցությունների արդյունքները քննարկելու մտադրություն ավելի վաղ հայտնել է Ուիթկոֆը:
Բայց եթե Պուտին-Ուիթկոֆ բանակցությունների արդյունքներով ուկրաինական կարգավորման փոխզիջումային ծրագիր չի ընդունվել, ապա, հավանական է, Ուիթկոֆ-Զելենսկի հանդիպում չկայանա, քանի որ կողմերը փաստորեն քննարկման առարկա չունեն:
Դեկտեմբերի 1-ին ուկրաինական աղբյուրները հայտնել են, որ Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մտադրություն ունի և այդ մասին Սպիտակ տանն իրազեկել է: Առայժմ հայտնի չէ, թե Դոնալդ Թրամփն ինչպես է արձագանքել այդ «հայտնին», բայց նա Ուիթկոֆ-Պուտին բանակցություններից սպասումներ ունեցել է, ինչի մասին ասել է անձամբ:
Որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի մոսկովյան առաքելությունը «ճեղքում չի ապահովելու», կարելի էր ենթադրել Ուիթկոֆին ընդունելուց մի քանի ժամ առաջ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից. «Եթե Եվրոպան որոշի Ռուսաստանի դեմ պատերազմ սկսել և իրոք հարձակվի, ապա վախենամ, թե կարճ ժամանակ հետո մենք պայմանավորվող չգտնենք»: Դա շատ թափանցիկ ակնարկ էր, որ ուկրաինական կարգավորմանը եվրոպական երկրները չպետք է ներգրավվեն, Ռուսաստանը ԵՄ-ին աշխարհաքաղաքականության սուբյեկտ չի ճանաչում:
Ուկրաինական կարգավորման Թրամփի հերթական փորձը, կարելի է ասել, դարձյալ ցանկալի արդյունքի չի հասել, թեև, իհարկե, պարզ չէ, թե նա որքանով էր հույս տածում, որ «երևի, այս անգամ կստացվի»: Բայց ավելի կարեւոր է, թե նա հետագա ի՞նչ քայլեր է ձեռնարկելու: Հնարավոր տարբերակները, կարծես, երեքն են:
ԱՄՆ-ը դադարեցնում է միջնորդությունը կամ մեծացնում Ուկրաինայի նկատմամբ ճնշումը, որպեսզի բավարարի Պուտինի «ախորժակը», կամ աջակցում է եվրոպական «եռյակին», վերականգնում Արևմուտքի հավաքականությունը և այդ դիրքերից Ռուսաստանին «կրակի անհապաղ դադարեցման վերջնագիր ներկայացնում»:
Ըստ երևույթին, Մոսկվայում վերջին հավանականությունը չեն բացառում: Այլապես Վլադիմիր Պուտինը Եվրոպային չէր սպառնա տոտալ ոչնչացման հեռանկարով: Ուկրաինական պատերազմն, ըստ ամենայնի, ոչ միայն մինչև տարեվերջ, այլեւ տեսանելի ապագայում չի դադարի, եթե ԱՄՆ-ը Կիևին կապիտուլյացիա չպարտադրի, բայց սկզբունքորեն ոչ մի երաշխիք չկա, որ Թրամփը չի ընտրի հենց այդ ճանապարհը:






Բաց մի թողեք
Էրդողանը վարկանիշային երկու պարտություն է կրել
Թուրք – ադրբեջանական կոալիցիան ընդդեմ ․․․
Ալիևի նախաձեռնած «բացահայտումներն» ինչպե՞ս կարող են ազդել հայ-ադրբեջանական գործընթացի վրա