04/12/2025

Երբ կհաստատվի իրական խաղաղությունը

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կրկին փորձել է սեփական իշխանության վերաարտադրությունը 2026 թվականին պայմանավորել ժողովրդի՝ խաղաղություն ընտրելու տեսլականով:

Հրապարակ թերթը գրել է․ Ասեմ, որ 2-րդ մասով ինքը հեծանիվ չի հայտնաբերել. մարդկանց գերակշիռ մեծամասնությունը երազում է ապրել խաղաղության մեջ: Ինչո՞ւ ոչ բոլորը, քանի որ կան մարդիկ, որոնք բնույթով կռվարար են, ու կռիվը և կամ մեծ հաշվով՝ պատերազմն իրենց հոգեհարազատ միջավայր է: Կան, ասենք, գրպանահատներ. դրանք կմեռնեն, եթե մի օր մնան առանց «գործի»:

Այսինքն, չփորձեն դատարկել ոչինչ չկասկածող քաղաքացիների գրպանները կամ քսակները: Դա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Կան շատ ավելի խոշոր գրպանահատներ. դրանք զավթիչներ են, ովքեր չեն կարող հանգիստ նստել տեղները: Ու ձգտում են հափշտակել հարևանի գույքը՝ որևէ թանկարժեք բան, անասուններ, մեքենաներ, նույնիսկ անշարժ գույք:

Եվ երբ հատկապես վերջինները հասնում են իշխանության, ապա Հայաստանի նման պետության ժողովուրդը չի կարող ընտրել խաղաղությունը: Որովհետև խաղաղություն կամ պատերազմ ընտրելու իրավունքը խլվել է նրանից և մատուցվել է թշնամուն: Եվ դա կատարվել է այն անձի կողմից, ով իրեն համարում է 44-օրյա պատերազմի՝ իրականում խայտառակ պարտության թիվ մեկ պատասխանատուն, սակայն ոչ թիվ մեկ մեղավորը: Այնինչ, թիվ մեկ պատասխանատուն, եթե երկինքն էլ իջնի երկրի վրա, չի կարող չլինել թիվ մեկ մեղավորը:

Այնպես որ, 2026 թվականի հունիսի 7-ին հայաստանյան ընտրողներն իսկապես, առանձին բացառությունները չհաշված, կընտրեն խաղաղությունը: Քանի որ այն ոչ միայն անձամբ ընտրողների, այլև նրանց «զավակների, ընտանիքի, թոռների ու ծոռների խաղաղությունն է»: Ու այս առումով վերը նշված անձի հետ չհամաձայնել հնարավոր չէ: Բայց ոչ միայն հնարավոր է, այլև պարտադիր պայման է նրան հետ չհամաձայնելը բազմաթիվ այլ հարցերում: Օրինակ, այն հարցում, թե «խաղաղությանը տեր կանգնելը մեծագույն տուրքն է բոլոր նահատակներին և իր բոլոր անցյալներին»:

Այստեղ, բնականաբար, այդ անձը փորձում է հիմարի տեղ դնել միամիտ մարդկանց: Մեր նահատակներին մեծագույն տուրք ենք մատուցում միայն այն դեպքում, երբ նրանք հիշվում են մեր կողմից: Ու նշանակություն չունի՝ հիշում ենք խաղաղության պահին թե պատերազմի ժամանակ: Ուր մնաց թե խաղաղությանը տեր կանգնելն է մեծագույն տուրքը:

Եվ, բացի դրանից, գործող իշխանության կողմից հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը մոռանալու քաղաքականությունը, ինչը դրսևորվեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իբրև թե վերանորոգելով, վկայում է հակառակի մասին: Այն մասին, որ թշնամու պահանջները կատարելու վարքագիծը 2015-ին սրբադասված մեկուկես միլիոն մեր նահատակների հանդեպ ամենամեծ մեղսագործությունն է:

Չմոռանանք, որ «բոլոր նահատակներին և իր բոլոր անցյալներին» մեծագույն տուրք մատուցողը 44-օրյայի խայտառակ պարտությունից հետո չգիտես ումից պահանջում էր անուն առ անուն բացահայտել Ցեղասպանության զոհերին: Ինչը ենթադրել է տալիս, որ հենց դա էլ տուրք մատուցելու եղանակն էր: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ նման նարատիվ է գեներացվել արևելքից թշնամական երկրում: Ինչը հերթական անգամ վկայեց, որ «խաղաղության մունետիկն» իրականում պատերազմի բոթաբերն է: Որովհետև խաղաղության հաստատման գործընթացն, այն էլ կիսատ-պռատ ու պատերազմի սպառնալիքով հագեցած, ամեն անգամ իրականացվում է թշնամուն ինչ-որ բան զիջելով: Լինի դա Հայաստանի հողատարածքի կորուստ, Արարատ լեռան պատկերի և ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագրի չեղարկում, միջազգային դատարաններից հայցերի հետկանչ, թե որևէ այլ եղանակով:

Ինչն, իր հերթին, նշանակում է, որ իրական խաղաղություն կհաստատվի միայն այն դեպքում, եթե 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրությանը Հայաստանի Հանրապետության ընտրողները մեկ մարդու նման մերժեն վարչապետի աթոռից կառչած անձին և նրա հիմնադրած կուսակցությունը: Մերժեն ճիշտ այնպես, ինչպես դա արեցին ՀՀ երրորդ նախագահի առումով: Ով վարչապետի պաշտոնը զբաղեցնողի համամեմատ հաստատ Աստծո գառ էր: