Աշխարհի խոշոր պետությունների ղեկավարները նավթի եւ գազի վառարաններով տաքացվող սրահում քրքջում ու աղմկում էին։ Ջարդված ողնաշարով խոյը դրված էր ճոխ սեղանին, նրա դիակի շուրջ 5 հազար հոշոտված եւ մորթված անմեղ գառնուկներ էին։
Օրվա թամադան սեւ գայլն էր, նրա օգնականը՝ շնագայլը։ Մեծն թամադայի կողքին նստած էր արջը՝ յուղալի պատառը լափելիս։ Հյուսիսի առյուծն էլ, արջի դիմաց նստած, լափում էր իրեն հասանելիքը։ Աղվեսը շատ գոհ էր իր նախաձեռնած ծրագրից, որի պատճառով ստացել էր ավարից մեծ բաժին: Հարավի առյուծը քնաթաթախ էր, շվարած։
Մառախուղի մեջ, հեռվից երեւում էր մերկ ու գեղեցիկ, խոշտանգված ու բռնաբարված ճշմարտությունը։ Իսկ կողքին իրենից գոհ փիղն էր եւ ոչ թե ավանակը, այլ էշը՝ այսօրվա աշխարհի տերը։ Հավաքված գազաններն ուտում էին, խմում եւ փառաբանում գայլի ու շնագայլի դաժանությունները, 5 հազար գառնուկներին մորթելու արհեստավարժությունը: Որոշ սեղանակիցներ որ աղմկում էին, գայլը մի փոքր կտոր էր նետում, ու անարդարության դեմ խոսողն անմիջապես ներողություն էր խնդրում եւ շարունակում ուտելը։
Սակայն ցավն այն է, որ ամենից շատ գովաբանում էին սեւ այծին, թե նա ինչ ճարպկությամբ կարողացավ մոլորեցնել, համոզել մի ամբողջ հոտի, որ իրենց հիմնական ու գաղափարական թշնամին հովիվն է, որը նախկինում քանի-քանի գառ ու ոչխար է կերել, ինչի պատճառով ոչխարները չեն բազմացել, սոված են մնացել եւ երջանիկ չեն եղել։ Հենց նա էր համոզել՝ քշել հովվին, եւ մոռացել էին իրենց լավ օրերը, արոտները, հակառակ դեպքում կզրկվեին գոմից ու մարագից։
Խնջույքի մասնակիցները, իրար հերթ չտալով, գովում էին սեւ այծին՝ այն բանի համար, թե ինչպիսի նենգությամբ կարողացավ մոլորեցնել խոյին, տարավ ծուղակ, վերեւից հարվածելով թիկունքին՝ ջարդեցին նրա ողնաշարը եւ հոշոտեցին անտեր, թափառական գառներին։
– Այնուհետեւ կգնաս, կասես հոտից կենդանի մնացածներին, որ շատ չտխրեն իրենց գառների ու խոյի համար։ Ասա նրանց, որ թույլ կտանք շնչեն եւ քիչ էլ ջուր խմեն։ Թող մոռանան իրենց նախնիներին, գյուղերը, գոմերը, գերեզմանները, կանաչապատ սարերը, թե չէ՝ մնացածն էլ կիշխենք։ Կամ՝ ինչո՞ւ են սպիտակագլուխ գագաթով սարից խոսում։ Ո՞վ է տվել նրանց ճշմարտությունն ասելու, անցյալն իրենց սրտում պահելու իրավունք։
Դու քո հոտն այնպես պետք է բաժանես, որ չձգտեն միավորվել ինչ-որ մի թափառական հովվի շուրջ, եւ չպետք է ունենան իրենց պաշտպան՝ խոյ։ Դու պետք է կարողանաս ջնջել նրանց հիշողությունը, չպետք է հիշեն՝ «իրենց ուժը միասնության մեջ է» հայտնի ասացվածքը։ Հոտը բաժանիր սեւ եւ սպիտակ ոչխարների, թշնամանք տարածիր նրանց մեջ։
Լսիր, կարծես ոչխարների մի մասը խելքի է եկել, եւ ուզում են հետ բերել հովվին։ Լսո՞ւմ ես, տես, հա, չձախողես պլանը, թե չէ՝ ինչո՞ւ ենք քեզ այսքան պատասխանատու, մեծ իրավունքներ տվել։ Դու շատ լավ գիտես ինչպես մոլորեցնել հոտը, չկրկնեմ։ Իսկ եթե չհաջողվի, պոզահարիր, զրկիր ջրից ու ուտելիքից, մենք քեզ տալիս ենք այդ իրավունքը։ Կհամոզես հոտին, որ գայլը, շնագայլը, փիղը, աղվեսը եւ էշն իրենց ամենամեծ բարեկամներն են։
Խաբիր՝ ինչքան կարող ես, դա քո հաղթանակի նշանաբանն է։ Քեզ մոտ դա հոյակապ է ստացվում, ապրես։ Պարբերաբար պատմիր լույսի ու մթի, սեւի ու սպիտակի մասին հեքիաթները։ Հայտարարիր, որ արեւը ծագում է արեւմուտքից, սխալ է եղել, որ հայր ու մայր, էգ ու արու գոյություն ունեն։
Սուտն ու կեղծիքը տիրել են աշխարհը։ Աշխարհը զբաղված է խնջույքով։ Տաք սենյակներում բոլորը կուշտ են, գոհ ու երջանիկ։ Այստեղ գայլերը կուշտ են, ոչխարները՝ անվնաս։ Իսկ գառնե՞րն ինչ եղան։ Դե ոչինչ, նրանք նորից կծնվեն, նորից կհավաքվենք, մատաղ կանենք։ Դա է պահանջում աշխարհի տերերի արդարություն եւ խաղաղություն ասածը։
Տաք սրահում աշխարհի հզորները քննարկում, խժռում, աղմկում են, իսկ սեղանին ի՞նչ է դրված` զոհաբերված Հայաստանը։ Այս լկտի խնջույքը երկար է շարունակվելու, այնքան ժամանակ, մինչեւ հոտը խելքի գա, քշեն այծերին, կանչեն հովվին եւ գայլխեղդ շներին։
Հովիվը եւ շները կհամախմբեն բոլորին՝ սեւերին ու սպիտակներին, եւ այդ ժամանակ Խուստուփ լեռան լանջից կելնի նոր, երիտասարդ, ազգային գաղափարներով տոգորված Գարեգին Նժդեհը։
Այդ օրվանից 5 հազար գառնուկ զոհաբերած ու 6 տասնյակից ավելի գերի այծեր ունեցող Հայաստանը կսկսի շնչել, մտքում արտաբերելով՝ փառք քեզ, Աստված․․․
Հենրիկ Հարությունյան






Բաց մի թողեք
Ազգը՝ կարոտ կաթողիկոսի եռանդին, կաթողիկոսը՝ կարոտ ազգի սիրուն
Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեման. AntiCor-ի բացահայտումը
Թուրք-իրանական համագործակցությունը ներառնո՞ւմ է նաև տարածաշրջանային հաղորդուղիների թեման