Իլհամ Ալիևի 63-ամյակն էր, նույն օրը «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին Պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում բուժզննում է անցել և տեղափոխվել բանտախուց:
Այդ մասին մամուլին հայտնել է նրա պաշտպան Լահիջը, ըստ որի իր «պաշտպանյալի նկատմամբ որևէ անհարգալի վերաբերմունք չի նկատվել»: Նախօրեին Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանը Քեմլիի նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկուսուկես ամսվա կալանքը: ԱԺՃ առաջնորդը մեղադրվում է «իշխանությունը բռնությամբ յուրացնելու կամ սահմանադրական կարգը փոխելու ուղղությամբ գործողություններ կատարելու» մեջ:
Իլհամ Ալիևի տարեդարձի առթիվ նրան «շնորհավորական ուղերձ» է հղել քաղաքական վտարանդի Աֆղան Մուխթարլին: Այդ բավական ծավալուն տեքստում ամենաուշագրավը 2003 թվականի իրադարձությունների բացահայտումն է: Մուխթարլին գրում է, որ Հեյդար Ալիևը Բաքվից Անկարայի «Գյուլհանե» հոսպիտալ է տեղափոխվել «արդեն որպես դիակ և պահվել է սառնարանում»:
Նա հատուկ ընդգծում է, որ այդ գործողությունը կատարվել է Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռով, որ այնուհետև Հեյդար Ալիևի «դիակը տեղափոխել է ԱՄՆ Քլիվլենդի կլինիկա»: Մինչ այդ, ինչպես Մուխթարլին է գրում, Իլհամ Ալիևը «հոր ֆեյք ստորագրությամբ գրավել է վարչապետի պաշտոնը»:
«Այդ կեղծարարությունը կատարվել է Ռուսաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի ծրագրով, նրանք են իշխանության բերել մինչ այդ Մոսկվայի շուկաներում կաշվե բաճկոնների առևտրով զբաղվող Իլհամ Ալիևին»,- իր «շնորհավորական ուղերձի» առանցքային մասն ամփոփել է ադրբեջանցի վտարանդի լրագրողը:
Ըստ երևույթին, Մուխթարլին հանդես է գալիս Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության անունից: Ժողճակատի առաջնորդ Քերիմլին, որ հրապարակային ելույթներում և հարցազրույցներում Իլհամ Ալիևին խստորեն քննադատել է Ռուսաստանից կախվածության և եվրոպական արժեհամակարգը ոտնահարելու համար, այսօր մեղադրվում է «Մոսկվայի օգնությամբ Բաքվում իշխանությունը յուրացնելու փորձի» մեջ:
Եթե մեղադրանքը հաստատվի,-իսկ ադրբեջանական իշխանամետ մամուլն արդեն քննարկում է մի հարց՝ Քերիմլին ցմահ կազատազրկվի, թե՞ ոչ,- ապա կասկածի տակ կհայտնվեն նաև Եվրապայում ադրբեջանցի վտարանդիները, որ Ադրբեջանում ժողովրդավարության բացակայության հարցում Քերիմլիի գաղափարակիցներն են: Արդյունքում կստացվի, որ Ռուսաստանը «ադրեջանական հինգերորդ զորասյուն ունի» ոչ միայն Բաքվում, այլև Եվրոպայում:
Քերիմլիի «դատավարությունը» կպսակազերծի անցյալ դարի 90-ականների սկզբի ադրբեջանական «ազգային զարթոնքը», կբացահայտվի, որ և Աբուլֆազ Էլչիբեյը և նրա մերձավոր շրջապատի գործիչները, որոնցից մեկը Քերիմլին է, «խորհրդային-ռուսաստանյան ազդեցության գործակալներ են եղել»:
Բայց, ինչպես Մուխթարլին է պարզ ակնարկում, այդ նույն համակարգն է Ադրբեջանում իշխանության բերել Հեյդար Ալիևին, որի մահը որդուն հնարավորություն է տվել իշխանազավթում իրականացնել:
Բաքվի «դատարանն», իհարկե, պատմա-քաղաքական անդրադարձ չի կատարի, իսկ Քերիմլին կխոսի՞, կբացահատի՞ Իլհամ Ալիևի գաղտնիքը: Խնդիրը կապվում է ռուս-ադրբեջանական, թուրք-ադրբեջանական, ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների հետ:
Կոնկրետ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիևի դեմ քրեական գործը, որի քննության շրջանակներում Քերիմլին կալանավորված է, ուղղված է Ռուսաստանի դեմ: Մոսկվան այդ հարցում առայժմ լռում է:
Իրավիճակը հետաքրքիր է այն առումով, թե Ալիևի նախաձեռնած «բացահայտումներն» ինչպե՞ս կարող են ազդել հայ-ադրբեջանական գործընթացի վրա: Նա գործում է Հայաստանի հետ պայմանագիր ստորագրելո՞ւ, թե՞ չստորագրելու տրամաբանությամբ:






Բաց մի թողեք
Էրդողանը վարկանիշային երկու պարտություն է կրել
ԱՄՆ-ը դադարեցնում է միջնորդությունը, մեծացնում Ուկրաինայի նկատմամբ ճնշումը, որպեսզի բավարարի Պուտինի «ախորժակը»
Թուրք – ադրբեջանական կոալիցիան ընդդեմ ․․․