04/12/2025

Հայ-թուրքական սահմանն անվանվել է ԽՍՀՄ փլուզումից հետո «Եվրոպայում միակ փակ սահմանը»

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրեթ Հասանգուլիև հանդես է եկել ցամաքային սահմանները բացելու առաջարկությամբ: Նա ասել է, որ Ադրբեջանի հանդեպ «ոչ մի արտաքին սպառնալիք չկա և չի կարող լինել», ուստի ժամանակն է սահմանները բացել և հնարավորություն ստեղծել, որպեսզի «Վրաստանում և Իրանում ապրող ադրբեջանցիները հայրենիք այցելեն»:

Պատգամավորը սահմանների բացումը գնահատել է նաև զբոսաշրջության բնագավառում իրավիճակի բարելավման կտրվածքով:

Ադրբեջանի Միլլի մեջլիսում, որպես կանոն, ոչ ոք քաղաքական ինքնագործունեությամբ չի զբաղվում: Հասանգուլիևի հայտարարությունը պետք է, երևի, գնահատել Հարավային Կովկասում հաղորդուղիների բացման և համագործակցության հաստատման հեռանկարի համատեքստում:

Մանավանդ որ նման կարծիք հնչել է արտաքին քաղաքական հարցերով Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի Բրյուսել այցից երկու օր հետո, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև «հաղորդուղիների միասնականացման» հարցը:

Ադրբեջանի իշխանական մամուլը դեկտեմբերի 3-ին առանց մեկնաբանության հրապարակել է Bloomberg-ի տեղեկությունը, որ «Թուրքիան պատրաստվում է մինչև եկող տարվա կեսերը բացել Հայաստանի հետ սահմանը»:

Ուշագրավ է, որ այս տեղեկությունը տարածվել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի Բրյուսել այցի և Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթղթի ստորագրմանը զուգահեռ:

Bloomberg-ն, ընդսմին, հայ-թուրքական սահմանն անվանել է ԽՍՀՄ փլուզումից հետո «Եվրոպայում միակ փակ սահմանը», որի բացումը կնպաստի «Կովկասում առևտրի և տնտեսական զարգացմանը»:

Հայաստանի հետ «համագործակցության հնարավորությունները» Թուրքիան քննարկել է Անվտանգության խորհրդի վերջին նիստում, որից հետո Ռեեջփ Թայիփ Էրդողանը կառավարության անդամների հետ շուրջ երեք ժամ տեւած քննարկումներից հետո հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցությունը «մնում է ռազմավարական գերնպատակ»:

Ցամաքային սահմաններին «հատուկ կարանտինային ռեժիմը» երկարաձգելու մասին Ադրբեջանի կառավարության որոշման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է Հայաստանի տարածքով Ադրբեջան-Թուրքիա և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային բեռնափոխադրումների տրանզիտ:

Եթե Ադրբեջանի կառավարությունը եկող տարեսկզբից ցամաքային սահմանները բացելու որոշում ընդունի, ապա դա վերաբերելի կլինի նաև Հայաստանի հետ սահմանի՞ն:

Սահմանազատման հարցերով վերջին բանակցություններում, կարծես, սահմանազատումը Տավուշի մարզում շարունակելու նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Կարելի՞ է ենթադրել, որ կողմերը քննարկում են Ղազախ-Իջևան հաղորդակցության հարցը: