«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Սուրեն Զոլյանն է:
– Նիկոլ Փաշինյանի` Հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհը վերջին շաբաթներին նոր դրսեւորումներ է ստացել: Հիմա նա ամեն կիրակի այցելում է տարբեր եկեղեցիներ՝ իրեն ուղեկցող շրջիկ կրկեսի հետ: Այժմ Փաշինյանի կողմն են անցել մի քանի եպիսկոպոսներ և պահանջում են կաթողիկոսի նոր ընտրություն: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պրոցեսներ են սրանք և ի՞նչ հետևանքներ կարող են թողնել:
– Անկեղծ ասած՝ այս ամենն ինձ համար նորություն չէ: Քիչ առաջ Հովհաննես Իշխանյանի խոսքն էի լսում, մարդը շատ ճիշտ ասաց, որ այդ եպիսկոպոսները իրականում պատանդ են, նրանց ահաբեկել են և վախեցրել՝ կոմպրոմատներով և մարդիկ ստիպված գնացել են այդ քայլին: Այս արշավը միանշանակ ունի պատվիրատու՝ Ադրբեջանից: Այս ամենը սկսեց այն պահից, երբ եկեղեցին իր նախաձեռնությամբ ժողով կազմակերպեց ու քննարկեց տարբեր հարցեր: Դրան շատ կոշտ արձագանքեց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը՝ Փաշազադեն:
Ուստի այս ամենը չի կարելի որակել պատահականություն: Ի դեպ, այստեղ կարող է լինել նաև քաղաքական կարևոր խնդիրներից շեղելու հարց: Ինչ վերաբերում է եպիսկոպոսներին, ապա եթե նրանք կոմպրոմանտներից վախենում են, դա նշանակում է, որ եկեղեցին իրենց տեղը չէ: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, թե այս պրոցեսները կարող են եկեղեցին այնքան պառակտել, որ բանը հասնի նոր կաթողիկոս ընտրելուն: Ծայրահեղ դեպքում՝ իրավիճակը կմնա անորոշ, ինչպես որ հիմա է: Իրավիճակը խառնաշփոթային է և այդ խառնաշփոթը իշխանությունն օգտագործելու է իր համար ցանկալի դիվիդենտների համար, այս պարագայում առաջիկա ընտրություններում համամասնական մեծամասնություն ունենալու համար: Բնական է, որ նրանք բացարձակ մեծամասնությունից կազմված իշխանություն չեն ունենալու, 50 տոկոս և ավելի չեն հավաքելու, սակայն տարբեր մանիպուլյացիաներով հասնելու են նրան, որ վերարտադրվեն: Իշխանության թիրախը եկեղեցին չէ, այլ ամբողջ Հայաստանը, որը պետք է կամ Չորրորդ Հանրապետություն դառնա, կամ էլ ավելի ճիշտ՝ Արևմտյան Ադրբեջան:
– Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցին, որպես առանձին ինստիտուտ, այս պայքարում չի պարտվի, սակայն Հայաստանի Հանրապետությունը կպարտվի՞:
– Եկեղեցին չի կարող պարտվել: Այն 2000 տարվա պատմություն ունեցող ինստիտուտ է, որն անցել է հսկայական ճանապարհ: Ունեցել է շատ ավելի լուրջ խնդիրներ, 5-րդ դարում պարսիկների միջամտությամբ հեռացրին Գրիգոր Լուսավորչի ժառանգներին: Խորենացին գրում է, որ Սիրիայից ինչ-որ մեկին բերեցին և կաթողիկոս կարգեցին:
Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցին միշտ թիրախ է եղել իշխանությունների համար, բայց քանի որ այն քաղաքական միավոր չէ և չունի քաղաքական շահեր, այլ կանգնած է հոգևոր հիմքերի վրա, այն հաստատապես մնալու է կայուն: Եպիսկոպոսները գալիս ու գնում են, կարող է անգամ կաթողիկոս փոխվել, սակայն եկեղեցին չի քանդվելու: Միշտ էլ հատկապես օտար իշխանությունները կարողանում են ժամանակավոր հաջողություններ ունենալ եկեղեցու դեմ պայքարում և անգամ կաթողիկոս փոխել, սակայն դա լինում է ժամանակավոր, կարճատև ժամանակում:






Բաց մի թողեք
Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից նախատեսվում է կառուցել նոր ավտոճանապարհ ․․․
Երբ կհաստատվի իրական խաղաղությունը