Իսրայելը և Ադրբեջանը արհեստական բանականության ասպարեզում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:
Ըստ ադրբեջանական մամուլի, իսրայելա-ադրբեջանական հուշագիրը ենթադրում է «համագործակցություն գերհամակարգիչների, կրիտիկական կարևորության քաղաքացիական հավելվածների (ըստ երևույթին, խոսքը ենթակառուցվածքների կառավարման թվայնացման մասին է), մարդկային ռեսուրսների զարգացման և համատեղ հետազոտությունների բնագավառում»:
Որտե՞ղ և ի՞նչ մակարդակով է ստորագրվել ԱԲ ոլորտում իսրայելա-ադրբեջանական հուշագիրը, մանրամասնություններ դեռեւս հայտնի չեն: Փետրվարի 4-ին այդ առթիվ Բաքվում Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսն ասել է, որ հուշագրի ստորագրումը երկկողմ «հարաբերությունների խորացման խորհրդանիշն է»:
Իշխանական haqqin.az-ի փոխանցմամբ՝ նախօրեին, «ելույթ ունենալով, Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Իլհամ Ալիևին ողջույններ է փոխանցել»:
Լրատվամիջոցը, հղում անելով Բաքվում Իսրայելի դեսպանատան կայքին, մեջբերել է Նաթանյահուի այս խոսքը. «Մենք միշտ ասում են. «Հաջորդ տարի՝ Երուսաղեմում»: Ասեք նրան (Իլհամ Ալիևին). «Այս տարի՝ Երուսաղեմում»: Թող նա գա և այցելի մեզ: Նրան շատ ջերմ կողջունեն»:
Պարզ չէ, թե Իսրայելի վարչապետը ի՞նչ միջոցառման է ելույթ ունեցել: Ստույգ է, որ նա այդ հայտարարությունն արել է, երբ Իլհամ Ալիևը գտնվել է Աբու-Դաբիում, իսկ Թուրքիայի նախագահ Ռեեջփ Թայիփ Էրդողանը՝ Էր-Ռիադում:
Ավելի վաղ նկատել ենք, որ միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերում Պարսից ծոցի արաբական երկու ազդեցիկ երկրները, մեղմ ասած, միշտ չէ, որ համակարծիք են:
Դա ավելի ընդգծված է դրսևորվում Իսրայելի հետ հարաբերությունների հարցում: Աբու-Դաբին, ի տարբերություն Էր-Ռիադի, Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել դեռևս 2020թ.-ին:
Իր հերթին Ադրբեջանը Էմիրությունների հետ շատ ավելի սերտ կապեր ունի, քան՝ Սաուդյան Արաբիայի: Հունվարի 27-ին Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը Բաքվում Ալիևի հետ բանակցություններ է վարել: Շատ հավանական է, որ անցած երկու օրերին ԱՄԷ և Ադրբեջանի նախագահները քննարկել են նաև Իսրայելի համար «զգայուն» հարցեր:
Երուսաղեմում Ալիևին «ջերմ ողջունելու» Նաթանյահուի պատրաստակամությունը կարող է լինել միայն «մատուցած ծառայությունների գնահատման» դիվանագիտական դրսևորում:
Պաշտոնական Բաքուն մշտապես հանդես է եկել 1967թ. սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստին ստեղծելու հրապարակային կեցվածքով: Ալիևը վերջերս ասել է, որ պաղեստինյան կարգավորումը պաղեստինցիների և արաբական երկրների խնդիրն է:
Կարելի է հասկանալ, որ նա իրական քաղաքականության ռեժիմում Պաղեստինի անկախության ջատագով չէ: Էր-Ռիադում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բին Սալմանը և Թուրքիայի նախագահ Էրդողանը համատեղ հայտարարություն են ստորագրել, որի կետերից մեկը հատուկ վերաբերում է Պաղեստինին:
Կողմերը վերահաստատել են մտադրությունը՝ մինչև վերջ աջակցելու 1967թ. սահմաններում, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստինի պետության կայացմանը և հաստատմանը:

Բաց մի թողեք
Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում
Ինչպես Պուտինի սիրելի մարզաձևը վերաբացեց դեպի միջազգային մրցումներ տանող դուռը
Թրամփը կա՛մ «օգտակար հիմար» է, կա՛մ միտումնավոր թուլացնում է Եվրոպան