Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի է ունեցել ԱՄՆ-Իրան բանակցությունները: Ըստ տեղեկությունների, Իսլամական հանրապետության արտգործնախարար Աբաս Արաղչին Մասկատ է ժամանել նախօրեին, իսկ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկովն այդ ընթացքում խորհրդատվություններ է անցկացրել Կատարի մայրաքաղաք Դոհայում:
Պետական դեպարտամենտը Միացյալ Նահանգների քաղաքացիներին վերստին հորդորել է «անհապաղ հեռանալ» Իրանի տարածքից: Բանակցությունների նախօրեին նման կոչը միջազգային մամուլի կողմից ընկալվել է որպես «իրադարձությունների կտրուկ փոփոխության և Իրանի կողմից սահմանները փակելու մեծ հավանականության ազդանշան»:
Իրանա-ամերիկյան բանակցություններով ամենաշահագրգռված կողմի՝ Իսրայելի, մի բարձրաստիճան պաշտոնյա ասել է, որ «բանակցությունները նրա համար չեն, որպեսզի արդյունք գրանցվի, ԱՄՆ-ը դրանց համաձայնել է, որպեսզի արձանագրի, որ պայմանավորվածության հնարավորություն կար»:
Արաղչի-Ուիթկով հանդիպումը նախատեսված էր անցկացնել Ստամբուլում, բայց Իրանի պահանջով տեղափոխվել են Մասկատ: Ըստ տեղեկությունների, Իրանը դեմ է եղել բանակցություններին Թուրքիայի, Կատարի և Եգիպտոսի ներկայացուցիչների ներգրավման՝ զգուշանալով, որ «քննարկումների օրակարգ կբերվեն նաև տարածաշրջանային խնդիրներ»:
Թուրքական աղբյուրները տեղեկություն են տարածել, որ Թուրքիան և Կատարը Միացյալ Նահանգներին ներկայացրել են «իրանական կարգավորման նախագիծ»:
Այն նախատեսում է, որ Իրանը երեք տարով դադարեցնում է ուրանի հարստացումը, սահմանվում է, որ Իրանը բացառապես խաղաղ նպատակներով կորող է ունենալ մինչև 1,5 տոկոս հարստացված ուրան, նրա մինչև 60 տոկոս հարստացված ուրանի 400կգ. պաշարները փոխանցվում են երրորդ երկրի, սահմանափակվում է բալիստիկ հրթիռների քանակը և հեռահարությունը, Իսլամական հանրապետությունը պարտավորվում է տարածաշրջանի ոչ կառավարական զինված ուժերին օժանդակություն չցուցաբերել:
Իրանական կողմի պաշտոնական եւ այլ մակարդակի արձագանքներից հասկացվում է, որ Թեհրանը բանակցությունների է գնում դիվանագիտական այն պաշարով, որ ԱՄՆ-ը մերժելու է միայն միջուկային զենքից հրաժարվելու մասին «գործարքը»:
Վաշինգտոնում, ամենայն հավանականությամբ, լիովին համոզված են, որ Իսլամական հանրապետությունը բալիստիկ հրթիռների քանակը և հեռահարությունը սահմանափակելու և տարածաշրջանի ոչ կառավարական ռազմական կազմավորումներին օժանդակությունից հրաժարվելու հարցեր, մեղմ ասած, պատրաստ չէ քննարկել:
Բանակցությունների նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բացահայտել է, որ Սպիտակ տանը չի հաջողվել ուղղակի կապ հաստատել այաթոլլա Ալի Խամենեիի հետ: Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ը կարողանում է կապվել «անգամ թշնամի երկրների որոշում ընդունող ղեկավարության հետ, իսկ Խամենեին անհասանելի է»:
Դա նշանակում է, որ Աբաս Արաղչին Իրանի հոգեւոր առաջնորդից ԱՄՆ ներկայացրած «գործարքն» ընդունելու լիազորություն չի ստացել: Թեհրանում, երևում է, նախապատրաստվում են պատերազմի:
ԱՄՆ հետ բանակցություններից մեկ օր առաջ նախագահ Փեզեշքիանի հրամանով Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի նախագահ: Միջազգային լրատվամիջոցներն արձանագրել են, որ Շամխանին այաթոլլա Խամենիի «մարդն է»:
Նախկինում նա պաշտպանության եւ անվտանգության ոլորտում կարևոր պաշտոններ է զբաղեցրել, ավելի վաղ զբաղեցրել է Իրանի ռազմա-ծովային ուժերի հրամանատարի պաշտոնը:
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները հիշեցնում են, որ անցյալ տարվա հունիսին Իսրայելը Իրանին հարվածել է, երբ Մասկատում նշանակված էր իրանա-ամերիկյան բանակցությունների հինգերորդ փուլը:

Բաց մի թողեք
Ի՞նչ պայմաններով Թեհրանը կհամաձայնի նման սցենարի
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի