18/02/2026

Որևէ բան Հայաստանում ա՞յլ կլիներ, եթե Սամվել Բաբայանը «նույնպես առևանգվեր»

Samvel Babayan

Mediamax-ը 3 րոպե 32 վայրկյան տևողությամբ տեսահրապարակում է արել, որտեղ անդրադարձել է քսանվեցամյա վաղեմության՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպված մահափորձի, հարցին:

Ո՞րն է նպատակը: Որքան էլ լրատվամիջոցը փորձել է քողարկել բուն ասելիքը, անգամ տեղեկատվության միջին-վիճակագրական սպառողի համար է պարզ, որ քաղաքական թիրախը ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է, ով լինելով Ադրբեջանի «երբեմնի ոխերիմ թշնամին», 2023թ. սեպտեմբերին «հանգիստ» հատել է հայ-ադրբեջանական սահմանը և ապրում է Երևանում, իսկ Արկադի Ղուկասյանը Բաքվում քսան տարվա ազատազրկման է «դատապարտվել»:

Արկադի Ղուկասյանի և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության մյուս անդամների ճակատագրի համար Սամվել Բաբայանը որևէ պատասխանատվություն կրո՞ւմ է: Իհարկե՝ ոչ:

Արցախի դեմ Ադրբեջանի ահաբեկչական պատերազմի, կապիտուլյացիայի պարտադրման և հետագա օրերին, ինչպես Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարական տալուց հետո առհասարակ՝ Սամվել Բաբայանը Ստեփանակերտում որևէ պաշտոն չի զբաղեցրել, որոշումների ընդունման վրա ազդեցության լծակ չի ունեցել:

Նա հանդիսացել է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, որ Ազգային ժողովում ներկայացված էր ինը մանդատով:

Հայ-ադրբեջանական սահմանը Սամվել Բաբայանը հատել է որպես մասնավոր անձ, հարյուր հազար բռնատեղահանվածներից մեկն է եղել: Ընդ որում, այդ սահմանը հանգիստ հատել են նաև ղարաբաղյան առաջին պատերազմում հրամանատարական դիրքեր զբաղեցրած, հետագայում գեներալական կոչման արժանացած մի քանի նշանավոր անձինք ևս:

Անուններ հնչեցնելու հարկ չկա: Ինչպե՞ս են նրանք անցել սահմանը՝ ոչ ոք այդ մասին չի խոսում: Եվ դա լավ է: Վատ է, երբ թիրախավորում են, ընդ որում՝ շատ կոպիտ, Սամվել Բաբայանին:

Տեսահրապարակման հեղինակը թույլ է տվել փաստական մի նենգափոխում և հանրությանը ներշնչել, իբր Սամվել Բաբայանը «մահափորձի գործով դատապարտվել է տասնչորս տարվա ազատազրկման և զրկվել «Արցախի հերոս» կոչումից»:

Բաբայանն, իրոք, այդ պատժաչափով ազատազրկվել է, բայց դատարանը նրան «Արցախի հերոս» կոչումից չի զրկել: Նա պահպանել է նաև գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը:

Ոչ ոք չգիտի և, հավանաբար, չի էլ իմանա, թե վերջին օրերին Ստեփանակերտում ինչ է կատարվել: Ակնհայտ է, այդ մասին բազմաթիվ հավաստի վկայություններ կան, որ Սամվել Բաբայանը պատրաստ էր Արցախի և նրա բնակչության ապագայի պատասխանատվություն ստանձնել, բայց գործող և նախկին նախագահները մերժել են: Սա անհերքելի է՝ անկախ նրանից, թե դա ո՞ւմ որոշումն է եղել:

Հայաստանի ներքաղաքական կյանքում Սամվել Բաբայանի իրական կամ ենթադրյալ-հավանական դերակատարությունը, անխոս, քննարկման և գնահատման հարց է: Բայց դա պետք է արվի օրվա իրողությունների հիման վրա:

Արցախի խնդրի շահագործումն այդ առումով, մեղմ ասած, խնդրահարույց է և կարող է բումերանգ լինել առաջին հերթին ընդդիմության համար: Ի վերջո, որևէ բան Հայաստանում ա՞յլ կլիներ, եթե Սամվել Բաբայանը «նույնպես առևանգվեր»: