19/02/2026

Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը, Մեկ հոգի վիրահատարանում մահացավ, երեքը վիրահատվում են` 30-35 տարեկան են

zenq avtomat

ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Երևանում հնչած կրակոցի դեպքից։

«Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, և կրակոցի ձայներ են լսվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։

Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։

Իրավապահների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը՝ ծանր: Մեկը մահացել է։

Տարածքի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ կրակոցների ձայներ են լսել, հետո նկատել են, որ մեծ թվով երիտասարդներ են վազել շենքի դիմացով։

«Մենք հենց դիմացի շենքում ենք ապրում, կրակոցների ձայնը լսեցինք, դաշտում խաղացող երեխաները վախից փախան, նրանցից մեկը նույնիսկ վախից ընկավ։ Զարմացանք, ով է տեսել օրը ցերեկով քաղաքի կենտրոնում ավտոմատի ձայն։

Դրանից հետո մեծ թվով երիտասարդներ մեր շենքի դիմացով անցան։ Ձայնը այնքան բարձր էր, որ երեխեքը վախից փախան։ Ես չգիտեմ՝ վիրավորներ կան, թե ոչ, տնից դուրս չենք եկել, որ իմանանք։ Վերևից ենք տեսել, դեմքերը չենք տեսել, չգիտեմ՝ որտեղի բնակիչ էին»,- ասել է նա։

Միջադեպի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ կա 10 տուժած։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Աջափնյակ թաղամասում հնչած կրակոցներից։

«Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը պատմեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 7 մարդ, որից 5-ը՝ շտապօգնության մեքենայով, 2-ին տարել են այլ մեքենաներով:

«Բոլորը հիվանդանոց են մոտեցել, նախնական գնահատականով, հրազենային վնասվածքներով՝ տարբեր ծանրության աստիճանի, հիմնականում վնասված կրծքավանդակի և որովայնի շրջանում՝ թափանցող վերքեր, թոքեր, որովայնի խոռոչի օրգաններ: 7-ից 2-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որից մեկը վիրահատարանում մահացավ, մյուս 6-ին ցույց ենք տալիս տարբեր բնույթի օգնություն, 3-ն այս պահին վիրահատվում են»,- ասաց Կուրղինյանը:

Ըստ վերջինիս՝ վիրավորների տարիքը տատանվում է 30-35 տարեկանի շրջանում, միգուցե 40, բայց ոչ ավելի մեծ:

Ինչպես հայտնել էինք, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։

Միջադեպի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ կա 10 տուժած։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։