Ռուս-ադրբեջանական հարաբերությունները, թեեւ երկկողմ համագործակցությանն ու տարբեր պաշտոնական շփումներին, շարունակում են լարված մնալ: Դրա արմատները գալիս են դեռեւս արցախյան հակամարտության հարցում Մոսկվայի՝ իբր հայամետ դիրքորոշումից։
Իսկ առավել կոշտ մեղադրանքների գլխավոր «պատրվակը» 2024թ. դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ Բաքվից Գրոզնի թռչող ուղեւորատար ինքնաթիռի կործանումն էր, որի հետեւանքով զոհվեց 67 ուղեւորից 38-ը, մեծ մասը՝ Ադրբեջանի քաղաքացիներ։
Բաքվի պնդմամբ, ինքնաթիռը վնասվել է ռուսական ՀՕՊ-ի միջամտությունից։ Ավելի ուշ Ալիեւն անձամբ ներողություն պահանջեց Կրեմլից, ռուսները խոստովանեցին, որ կատարվածը սխալմունք է, եւ ներողամտություն հայցեցին «ողբերգության» համար։
Ինքնաթիռի պատմության ֆոնին, հարեւան երկրի բռնապետը նոր մեղադրանք է հասցեագրել Ռուսաստանին, այն էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ միջազգային մեծ լսարանի առջեւ. Մյունխենի անվտանգության համաժողովում նա պնդել է, թե Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը 3 անգամ ռմբակոծվել է։
Առաջին հարվածից հետո, նրա խոսքով, «դեռեւս հնարավոր էր ենթադրել, որ դա պատահականություն է։ Սակայն ռուսական կողմին փոխանցվել են Ադրբեջանի բոլոր դիվանագիտական կառույցների՝ հյուպատոսական բաժնի, մշակութային կենտրոնի եւ հենց դեսպանատան ճշգրիտ կոորդինատները։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ հաջորդը։ Հետեւեց եւս երկու հարված»։
Ալիեւի խոսքով, դա «դիտավորյալ հարձակում էր Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների վրա։ Բաքուն Կիեւում իր դեսպանատան գնդակոծումը Ռուսաստանի կողմից համարում է ոչ բարեկամական քայլ»։ Ռուսական կողմը, իհարկե, անարձագանք չթողեց այս մեղադրանքները։ ՌԴ ԱԳՆ-ում նախ ափսոսանք հայտնեցին այդ ամենի համար՝ նշելով, որ վնասը կարող էր պատճառվել ուկրաինական Patriot հրթիռի հարվածից։
ԱԳՆ-ում վստահեցրին, որ հարվածները պլանավորելիս «հաշվի են առնում դիվանագիտական կառույցների տեղակայումը» եւ բացառում են դիտավորյալ վնասը։ Միաժամանակ, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Բաքուն կարող է «բարի կամք դրսեւորել»՝ ազատ արձակելով 11 ռուս քաղաքացիներին։
Նրանց ձերբակալել էին անցյալ տարի, թեպետ իբր թմրամիջոցների ապօրինի շրջանառման մեղադրանքով, բայց ակնհայտ է՝ Կրեմլին «ատամ ցույց տալու» նպատակով։ Նույնպիսի տրամաբանությամբ, Բաքվում փակեցին «Ռուսական տունը», որն աշխարհում ընդունված է համարել Մոսկվայի ազդեցության «փափուկ ուժ»։
«Բաքվի կողմից մեր քաղաքացիների վերաբերյալ համապատասխան որոշումը կարող է բարիդրացիության ոգով բարի կամքի դրսեւորում լինել»,- ասաց դիվանագետը՝ հավելելով, որ «ռուսների արագ ազատ արձակումը բացարձակ առաջնահերթություն է»։
Ադրբեջանում սկսեցին հակադարձել, թե AZAL-ի կործանումից, Ռուսաստանում ադրբեջանական համայնքի դեմ «հետապնդումներից» եւ ձերբակալություններից հետո Մոսկվան իրավունք չունի խոսել բարի կամքի դրսեւորումներից։ Առհասարակ, վերջին շրջանում եւ հենց վերոնշյալ իրադարձությունների պայմաններում ադրբեջանական իշխանությունների, հասարակության եւ մասմեդիայի շրջանում գերիշխում են հակառուսական տրամադրությունները։
Ռուսաստանի եւ ռուսների մասին համընդհանուր խոսույթն առանձնանում է ատելությամբ եւ հիշաչարությամբ, խոսվում է, այսպես կոչված, ռուսական շովինիզմի, խտրական վերաբերմունքի եւ կայսրապաշտական նկրտումների մասին։ Բավական է հպանցիկ ծանոթանալ պետական եւ մասնավոր հայտարարություններին, հրապարակումներին՝ դրանում համոզվելու համար։
Մեկ նկատառում եւս․ արցախահայության դեմ 2023 թ․ ահաբեկչական գործողությունների ժամանակ ռուս խաղաղապահներ սպանվեցին։ Եւ ոչ մի ներողություն Բաքվից։ Գուցե հիմա Մոսկվան քաղում է իր «դիվանագիտական նրբանկատության, փափուկ վերաբերմունքի դառը պտուղնե՞րը»։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն ուսումնասիրում է հակառուսական պատժամիջոցների վերացումը․ «The Economist»
Զախարովան բարբաջել է, թե Երևանը «մոռացել է» Հայկական երկաթուղիներում ռուսական ներդրումների մասին
Ո՞ւմ է պետք Դոնբասի տիրապետումը, երբ Կալինինգրադը բաժանում է «միութենական պետության իրավահավասար սուբյեկտ» Բելառուսից