18/02/2026

«ՀայաՔվե»-ն ներկայացրեց ԱԺ ընտրություններին մասնակցության ձևաչափը՝ կմասնակցի այլ գաղափարակից ուժերի հետ

Avetiq Chalabyan

Միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն ասաց, որ եկել է ժամանակը, որպեսզի հաջորդ քայլը կատարեն եւ ներկայացնեն իրենց քաղաքական հայտը․ «Հայաքվե» նախաձեռնությունն ընտրություններին կմասնակցի այլ գաղափարակից ուժերի հետ։ 

Ավետիք Չալաբյանն ասաց․ «Մենք տեսնում ենք, որ այսօրվա քաղաքական դաշտում շրջանառության մեջ են կամ այս վարչախմբի կողմից տարածվող, ըստ էության, պարտվողական, հակազգային, նույնիսկ կարելի է ասել՝ ռեւիզիոնիստական գաղափարները, որոնք փորձում են այլափոխել եւ այլասերել մեր ամբողջ պատմությունը, դեմ գնալ մեր ինքնությանը։ Բայց նաեւ որպես ընդդիմադիր քաղաքական ծրագրեր՝ շրջանառության մեջ են այնպիսիք, որոնց մեծ մասը փաստացի համակերպված են այսօրվա ստատուս քվոյի հետ եւ ընդամենն առաջարկում են ոչ մեծ, երբեմն կոսմետիկ փոփոխություններ, բայց որոնք առանցքային կերպով չեն ազդում այն ուղեգծի վրա, որի մեջ մտել է մեր երկիրը։ Ուստի, մենք առաջին հերթին քաղաքական դաշտ ենք գալիս, որպեսզի մեր ժողովրդին, մեր ընտրողներին տանք արմատական այլընտրանք՝ տարվող քաղաքական գծին, որպեզի վերականգնենք նրա հույսը ապագայի նկատմամբ»։

Ավետիք Չալաբյանը ներկայացրեց իրենց քաղաքական ծրագրի հիմնական դրույթները։ Նա ասաց, որ իշխանության «իրական Հայաստան» թեզի իրենց իրական այլընտրանքը հարատեւ հայկական պետությունն է․ «Դա այն պետությունն է, որը հայ ազգի անվտանգության, շարունակական զարգացման, բարգավաճման, հանրային ներդաշնակության հիմնական պատվարն է։ Դա այն պետությունն է, որը հայկական շահերի հետեւողական պաշտպանն է ողջ աշխարհում եւ մասնավորապես՝ մեր տարածաշրջանում, եւ որն Արցախի վերահայացման հետեւղական ջատագովն է։ Արցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է եղել»։

hayaqve avetiq chalabyan 4

Ավետիք Չալաբյանն ասաց, որ առաջնային խնդիր է մեր պետության ուժի շարունակական բազմապատկումը, առանց դրա հնարավոր չէ մեր պետության գոյատեւումն ընդհանրապես․ «Ուրիշների ողորմածությամբ այսպիսի բարդ տարածաշրջանում պետություն չեն պահում։ Այդ նպատակով մենք կհամախմբենք մեր հասարակությանը արտաքին վտանգի դեմ պայքարում եւ կմեղմենք կամ կվերացնենք այն բաժանարար գծերը, որոնք ստեղծել է այս վարչախումբը։ Մենք հետեւողականորեն կզարգացնենք մեր բանակը, դրա կազմում կստեղծենք ռազմավարական զսպման նոր կարողություններ։ Այդ նպատակով մենք նաեւ առաջանցիկ տեմպերով զարգացնելու ենք մեր ռազմարդյունաբերությունը»։

Ավետիք Չալաբյանն ասաց, որ իրենք շահավետ հարաբերություններ կկառուցեն բոլոր ուժային կենտրոնների հետ եւ թույլ չեն այլեւս, որ Հայաստանը սարքեն ուժերի եւ կենտրոնների միջեւ պայքարի խաղաքարտ։

«Մեր տնտեսական կենսունակության հիմքը, որը մինչեւ հիմա օգնել է ՀՀ-ին զարգանալ, դա ազատ մրցակցությունն է, օրենքի գերակայությունն է, տնտեսվարողների իրավունքների պաշտպանությունն է, հարկային թափանցիկ համակարգը։ Վերադարձ այն օրերին, երբ հարկային տեսչությունը կարղ է խառնվել տնտեսվարողների գործերին՝ չի՛ լինելու, հարկային համակարգը լինելու է թափանցիկ եւ իրավական»,- հավելեց Չալաբյանը. «Մենք այսօր այս հայտով մեր պատրաստությունն ենք ստանձնում մեր երկրի ապագայի կառուցման պատասխանատվության մեր բաժինը վերցնելու։ Միեւնույն ժամանակ նաեւ գիտակցում ենք, որ այսօրվա քաղաքական իրավիճակում իշխանափոխություն իրականացնելու համար շատ կարեւոր է այդ պատասխանատվությունը կիսել նաեւ այլ գաղափարակից քաղաքական ուժերի հետ։ Ուստի նաեւ մենք հանձնառություն ենք ստանձնում այդ ուժերի հետ միասին ձեւավորելու նախընտրական դաշինք՝ միասին գնալու ընտրություններին, որպեսզի կարողանանք ոչ միայն իշխանափոխություն իրականացնել, այլեւ ձեւավորել նոր ազգային իշխանություն, որը կկարողանա երկիրը կայուն կուրսով դուրս բերել այն ճգնաժամից, որի մեջ հայտնվել ենք եւ չենք կարողանում դուրս գալ»:

Ավետիք Չալաբյանն ասաց, որ ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր դաշինքների մեջ, չի կարելի ընտրությունների գնալ 25 փոքր կուսակցություններով։ Իրենք դեռեւս չեն ավարտել դաշինքային բանակցությունները, հետեւաբար, չունեն որոշում, թե ով է վարչապետի թեկնածուն։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցությանը, ապա Ավետիք Չալաբյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ այդ երկու ուժերի հետ համագործակցություն պետք է տեղի ունենա արդեն ընտրություններից հետո, երբ հասկանանք, թե մեր ընտրողը որ ուժին ինչ մանդատ է տվել»։

Հայաքվե»-ն ընտրություններին կմասնակցի այլ ուժերի հետ – Live News