2026թ. ապրիլի 1-ին կսկսվի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ- Աստարա հատվածի երկթուղագծի գործնական իրականացումը:
Այդ մասին Ռուսաստանի և Իրանի միջև առևտրա-տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային քննարկումների շրջանակներում ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը: Նրա խոսքերով, «կողմերին հաջողվել է կարգավորել բոլոր վիճելի հարցերը, որ ձգձգում էին նախագծի գործարկումը»:
Ըստ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի, «Հյուսիս-հարավը» ոչ միայն «էներգետիկ, այլև տրանսպորտային միջանցք է, որի հետ կապվում է Ռեշտ- Աստարա երկաթուղային գծի կառուցումը»:
Նա մանրամասնել է, որ նախկինում չլուծված խնդիրները, ներառյալ «հողերի ձեւակերպումը, մշակված են»: Ցիվիլևը վստահություն է հայտնել, որ վերջնական համաձայնությունը կկայանա ապրիլի 1-ին՝ Ռուսաստանում «Տրանպորտային շաբաթվա» շրջանակներում:
Այս տեղեկատվությունը չափազանց ուշագրավ է երկու առումով: «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը նախագծման իմաստով Բալթիկ ծովը կապում է Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի հետ: Փորձագետները հաճախ այն անվանում են «Պետերբուրգ-Մումբայ առեւտրային երթուղի»:
Իրան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը պետք է ապահովի Ադրբեջանը: Ներկայումս Ռուսաստանից երկաթուղագիծը հասնում է մինչև ադրբեջանական Աստարա: Գիծն ամբողջացնելու համար հարկ է կառուցել Ռեշտ-իրանական Աստարա հատվածը, որի ֆինանսավորումն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն իր վրա է վերցրել:
Որքա՞ն է տևելու այդ գծի կառուցումը, այն իրոք կառուցվելո՞ւ է, անպատասխան հարցեր են: Բայց չենք կարող չարձանագրել, որ Պետերբուրգ-Մումբայ առևտրա-տնտեսական ճանապարհը չի գործի, եթե Ադրբեջանը չապահովի տրանզիտ:
Այսինքն, բացվում է ռուս-ադրբեջանական երկխոսության նոր ասպարեզ, որտեղ Բաքուն ակնհայտ առավելություն կունենա:
Երկրորդ հանգամանքը վերաբերում է նրան, թե որքանո՞վ է Ռեշտ-Աստարա երկաթուղագծի կառուցման «խթանումը» կապվում «Թրամփի ուղու» գործնականացման ուղղությամբ քայլերին, և ի՞նչ ազդեցություն ունի ռուս-իրանական համաձայնության վրա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Երևան և Բաքու այցը:
Այս առումով արժե հիշեցնել Ադրբեջանի նախագահի ամիսներ առաջ հնչեցրած միտքը, որ «Թրամփի ուղուց» կարող է օգտվել նաև Ռուսաստանը, իսկ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի պանելային քննարկմանը նա Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գործարկումը կապել է «Բայդենի վերադարձի» հետ:
Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է Սյունիքում երկու՝ արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ, հաղորդակցության ստեղծում: Հայաստանի տարածքով հյուսիս-հարավ հաղորդակցությունը փորձագետներն անվանում են Սև ծով-Պարսից ծոց կապ:
Ալիևը Մյունխենում ակնարկել է, որ ԱՄՆ հանրապետական վարչակազմի օրոք «դա միայն երազանք» է: Ռեշտ- իրանական Աստարա երկաթուղային գծի կառուցման մեկնարկի մասին Ռուսաստանը հայտարարել է իրանա-ամերիկյան լարվածության ֆոնին:
Տեղեկություն է տարածվել, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «բիզնես գործարք է առաջարկել»:
Բարդ է ասել, թե արդյոք ԱՄՆ փոխնախագահը Բաքվում քննարկե՞լ է Իրան-Ադրբեջան, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված զգայուն հարցեր: Պետերբուրդ-Մումբայ տրանսպորտային միջանցքը սոսկ առևտրատնտեսական ճանապարհ չէ:
Այն ակնհայտորեն աշխարհաքաղաքական նախագիծ է, որի գործնականացման դեպքում ԱՄՆ-ը կորուստներ կունենա Կենտրոնական Ասիայում. Հարավային Կովկասում և Պարսից ծոցում: 2024թ. դեկտեմբերին ընդունելով ԱՄՆ փոխպետքարտուղար ՕՙԲրայանին, Ալիևը «տարակուսել» է, թե Միացյալ Նահանգներն ինչո՞ւ են մտահոգվում Ադրբեջանից Իրան երկաթուղային կապով:
Ալիևն այդ հարցի պատասխանը փոխնախագահ Վենսից ստացե՞լ է, թե՞ Վաշինգտոնն «այլևս Ռուսաստան – Իրան երկաթուղային կապին դեմ» չէ:

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիայի լիբերալ դեմոկրատները նոր վերլուծական կենտրոն են ստեղծում
Պեկինը վստահեցրել է, որ թույլ չի տա Մոսկվային օգտագործել միջուկային զենք․ Ֆինլանդիայի նախագահ. Լուսանկար
Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդները ստորագրել են 28 փաստաթուղթ. Լուսանկար