19/02/2026

Երբ մի կողմ եք դնում զենքերը և ներդրում կատարում բարգավաճման մեջ, դա կբերի նվաճում․ Վենսը՝ Փաշինյանին և Ալիևին

Vens USA

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ելույթ ունենալով «Խաղաղության խորհրդի» առաջին նիստում, շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Մենք երախտապարտ ենք բոլորիդ՝ ձեր գործընկերության համար, մասնավորապես, խոսում եմ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի մասին։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ ցույց տվեցիք, թե ինչի կարող է հասնել իրական առաջնորդությունը: Երբ դուք մի կողմ եք դնում զենքերը, սպանություններն ու ավերածությունները և ներդրում եք կատարում ձեր ժողովրդի և բարգավաճման մեջ, դա կարող է բերել մեծ նվաճումներ: Շնորհակալություն երկուսիդ էլ արածի համար»,- ասել է Վենսը:

Վաշինգտոնում ընթացող «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հակամարտության դադարեցմանը և խաղաղության հաստատմանը։

«Նրանք պատերազմել են 30 տարի, բայց հակամարտությունը հաջողվեց կարգավորել 24 ժամում:

Խաղաղություն հաստատվեց երկու կարևոր երկրների միջև: Ես դա երբեք չեմ մոռանա։ Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընկերացել են»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում է՝ մասնակցելու Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։

331624