17/04/2026

EU – Armenia

Ալիևը բզբզում է, որ Թրամփը խոսի Խոջալուի ցեղասպանության մասին

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, ինչպես նաև Նյու-Յորքում և Բոստոնում Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքների կոմիտեի և «Երիտասարդության ու սպորտի ամերիկա-ադրբեջանական ասոցացիայի» նախախաձեռնությամբ կազմակերպվել են Խոջալուի «ցեղասպանության իրազեկման միջոցառումներ»:

Այդ մասին հայտնել են Բաքվի իշխանական լրատվամիջոցները, որոնից մեկն, ի դեպ, հրապարակումը խորագրել է այսպես. «Թրամփին բացատրում են, թե ինչ է նշանակում Խոջալու»:

ԱՄՆ նախագահի կամ Սպիտակ տան վարչակազմի հետ կարգավորելու ի՞նչ խնդիր ունի Իլհամ Ալիևը, եթե դիմել է այդ քայլին, կարելի է ենթադրել օկուպացված Խոջալուում «ցեղասպանության զոհերի հուշահամալիրի» բացմանը նրա ելույթի այն շեշտադրումից, որ «հանցագործները ստացել են արժանի պատիժ»:

Իհարկե, անհեթեթ է, բայց անհեթեթություն է առհասարակ Խոջալուի շուրջ Ադրբեջանի պետական քարոզչությունը: Բայց պետք է ընդունել, որ մոտ երեք տասնամյակ հայկական կողմերն էլ Խոջալուն ներկայացրել են որպես փայլուն ռազմագործողություն, ինչը, մեղմ ասած, չափազանցություն է:

Իրականությունը հետեւյալն է. 1992թ. փետրվարի 24-ին Աղդամում ԱԺՃ կողմից բոլոր զորախմբերի հրամանատար նշանակված Ֆահմին Հաջիևը հրավիրել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել է «Խոջալուի ապաշրջափակման ծրագիրը»: Որոշվել է, որ հաջորդ օրը կձեւակերպվի ընդհանուր ռազմագործողության հրամանը, զորախմբերից յուրաքանչյուրը կստանա կոնկրետ մարտական առաջադրանք:

Փետրվարի 25-ի ժամը 10:00-ին Ֆահիմին Հաջիևի զորակայան չեն ներկայացել «տեղական ինքնապաշտպանական գումարտկների» երեք հրամանատարներ՝ Ալլահվերդի Բաղիրովը, Շիրին Միրզոեւը և Յաղուբ Մամեդովը:

Վերջինս ավելի է հայտնի էր «Գաթըր Մամեդ» կամ «Ալա Յաղուբ» մականունով: Հայտնի է դարձել, որ Ալլահվեդի Բաղիրովը մարտիկներին տեղափոխել է Ալիաղալու, Շիրին Միրզոևը՝ Շելլի, իսկ Յաղուբ Մամեդովը՝ Խըդևրլու:

Այսպիսով, Խոջալուի «ապաշրջափակման» ռազմագործողությունը, որ պետք է սկսվեր 1992թ. փետրվարի 25-ին, «տեղական ինքնապաշտպանության գումարտակների» երեք հրամանատարի սաբոտաժի պատճառով ձախողվել է: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը Խոջալուի օդանավակայանը գրավելու գործողությունն սկսել են նույն օրվա ժամը 22-ի սահմաններում : Կեսգիշերին մարտական առաջադրանքը հիմնականում կատարված էր:

Խիստ ուշագրավ է, որ Խոջալուի «ապաշրջափակումը» ձախողած Ալլահվերդի Բաղիրովը և Շիրին Միրզոևը 1992թ.-ին, երբ ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակողական ռազմական գործողություններ էր վարում, նույն ամսում՝ հունիսին, զոհվել են:

Երկու դեպքում էլ գումարտակի հրամանատարի մեքենան ականի վրա պայթել է: Յաղուբ Մամեդովը, որի Ջանփոլադ անունով որդին 1992թ. փետրվարի 26-ին Աղդամի մոտ զոհվել է, ձերբակալվել է և 1993թ.-ին բանտում «հանկարծամահ եղել»:

1995թ. «պետական հեղաշրջման փորձ» կատարելու համար հետապնդվել և ՆԳՆ Հատուկ նշանակության զորախմբի կենտրոնակայանում գնդակահարվել է Խոջալուի «ապաշրջափակման» ռազմագործողության ձախողման ևս մեկ պատասխանատու՝ Ռովշան Ջավադովը: 1992թ. հունիսին սպանվել է հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևը:

Նա է տեսանկարահանել խոջալուցիների սպանության վայրը, իսկ հետո կասկածել, երբ երկրորդ անգամ նույն տեղում տեսել է գանգամաշկված դիակներ:

Ալիևը ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը» հիմնավորելու և Հայաստանին խաղաղություն պարտադրելու խնդիր է փորձում լուծել և ակնհայտորեն ընտրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դրանում համոզելու ճանապարհը:

Դա անցյալի գնահատում չէ, այլ՝ Հայաստան – Ադրբեջան հետագա հարաբերությունների մոդելավորում, որ պետք է հիմնավոր և արժանապատիվ հակակշիռ ունենա: