Ամերիկա-իսրայելական հարվածների արդյունքում երեկ սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդը, ով 1989 թվականից փաստացի գլխավորում էր մեր հարևան պետությունը:
Լուրը պաշտոնապես հաստատված է, Իրանում հայտարարվել է 40-օրյա սուգ:
Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Խամենեին հետևողականորեն հանդես էր գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ, ինչի մասին պարբերաբար հայտարարում էր Թուրքիան:
Թեև ինքնին Խամենեիի մահը կարևորագույն իրադարձություն է ու անդառնալիորեն փոխելու է Իրանն ու տարածաշրջանը, սակայն այս պահին կա երեք հիմնական հարց.
▪️ո՞վ է փաստացի ղեկավարելու երկիրը,
▪️ինչքա՞ն սահուն ու անցնցում կլինի անցումը իշխանական համակարգի ներսում,
▪️ինչպե՞ս դա կազդի ընթացող պատերազմում Իրանի վճռականության վրա:
Այս հարցերի պատասխանը պարզ կլինի առաջիկա օրերի ընթացքում: Եվս մի պարադոքսալ բան. չփախնելով ու զոհվելով` Խամենեին գուցե արել է գլխավոր քայլը, որը կապահովի իշխող թիմի ամրությունը: Դեռ օրեր առաջ «Նյու Յորք Թայմսի» մի քանի աղբյուր պնդում էին, որ այաթոլլահ Խամենեիի մահվան դեպքում երկիրը փաստացի ղեկավարելու է Ալի Լարիջանին` Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, ով համարվում է ամենախիստ պահպանողականներից մեկը:
Իսկ մեզ մնում է հուսալ, որ Իրանը կլինի կայուն ու կշարունակի դիմագրավել թշնամիներին (ինչը դեռևս առկա է), հակառակ դեպքում կարող են զարգանալ վատագույն սցենարները:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Բաց մի թողեք
Մի շտապեք Իրանի տապալման հարցում․ Խամենեիի մահը լուծում չէ
Սրանով փակվում է Իրանի հազարամյակների պատմության կարևորագույն էջ. Վարդան Ոսկանյան
Տպավորիչ խոսք Բաքվի դատարանում