Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն, «Համլետ. Collapse» ներկայացման բեմադրիչ Սուրեն Շահվերդյան.
— Կարծում եմ՝ այսօրվա Համլետը շատ պետք է տարբերվի Շեքսպիրի նկարագրած Համլետից: Ժամանակակից Համլետը գերծանրաբեռնված է ինֆորմացիայով եւ համաձայն չէ այն ամենի հետ, ինչ կատարվում է այսօր մեր աշխարհում, երկրագնդի վրա։ Այսօրվա Համլետն իսկապես լուրջ վախեր ունի, եւ կարծում եմ` նրա խնդիրը ոչ միայն վրեժխնդիր լինելն է անձնական հարթության վրա, այլ նրա պրոբլեմը շատ ավելի մեր իրականության մեջ է, որտեղ յուրաքանչյուրս փորձում ենք պաշտպանվել, ինչ-որ մի կերպ ջրի երեսին մնալ: Այսօր միգուցե եզակի մարդիկ կան երկրագնդի վրա, որ իսկապես մաքուր են: Մեր իրականության մեջ մաքուր մնալը շատ բարդ է: Ներկայացման մեջ այն Համլետը, ում ես եմ նկարագրում, պրոբլեմներով լի մի երիտասարդ է. յուրաքանչյուրս ենք, ով գիտակցում է, որ ինքն էլ մեղքեր է գործել: Եվ ներկայացման վերջին իր մենախոսությունը հենց դրա մասին է՝ ես ինքս եմ մեղավոր, մեղավոր եմ, որ չեմ տեսնում դիմացինիս ցավը եւ խնդիրը, չեմ փորձում ձեռք մեկնել, օգնել եւ հանել այն կեղտից, որի մեջ հայտնվում ենք մենք ոչ մեր կամքով:
Այսօր ապրել, թե չապրելու, լինել կամ չլինելու խնդիրը շատ արդիական է. համակերպվե՞լ, լինե՞լ այն իրականության մեջ, որը մեզ շրջապատում է, թե՞ փորձել փոխել մեր իրականությունը։ Այն Համլետը, որին ես եմ բերում բեմ, ինչ-որ առումով առնչվում է նաեւ ինձ հետ, այսինքն` իմ անձնական ցավի եւ իմ խնդիրների հետ։ Ես նույնպես, ինչպես եւ շատերը, ունեմ չլուծված խնդիրներ, մեղքի զգացում ինչ-որ մեկի հանդեպ, եւ դա ծանր բեռի պես, երեւի, մինչեւ կյանքի վերջ պետք է քարշ տանք մենք բոլորս։ Այլ խնդիր է, երբ դու գիտակցում ես դա ու փորձում ես շտկել, փոխել քեզ եւ քո տեսակը, այն է` օգտակար լինել մեր հասարակությանը, մեր բնությանը։
Մենք անխնա սպառում ենք մեր բնությունը՝ անմարդկայնորեն, վիրուսի պես քայքայում ենք այն։
Ես ամեն անգամ մեքենա վարելիս հետեւում եմ՝ իմ մոտ ցուցանիշ կա օդի աղտոտված լինելու չափի մասին, դրա վերաբերյալ նույնպես խոսում եմ ներկայացման մեջ։ Բոլորս ենք մեղավոր, որ այդպիսին է այսօր մեր էկոլոգիան, եւ որ մենք ինքներս ենք ստեղծել մի միջավայր, որտեղ շնչելը, ապրելը դժվար է: Յուրաքանչյուրիս գիտակցության մեջ եթե դա լինի, մենք կգործենք այլ կերպ։ Ես չեմ մեղադրում մարդուն այսօր եւ չեմ կարող մեղադրել, որովհետեւ չկա մի երեխա, որը մեղավոր է: Նա դառնում է մեղավոր, երբ ձեւավորվում է այն միջավայրի մեջ, որն անառողջ է, որտեղ իրականությունն այնպիսին է իրեն դարձնում, որ նա դառնում է զոհ եւ մեղավոր տարբեր հարցերի մեջ։
Մեր ներկայացման Համլետն իսկապես արտացոլանքն է այս իրականության եւ մեր հասարակության: Եվ խոսքը ոչ միայն հայ հասարակության մասին է, այլ երկրագնդի։ Ընդհանրապես, մարդու մասին, ով իր առօրյա վազքի մեջ, փառքի, հարստության հետեւից վազելով՝ մոռանում է այն ամենակարեւորն, ինչի համար, որ կոչված է մարդը։ Մենք շտապում ենք, շա՜տ ենք շտապում եւ շտապում ենք կենցաղային առումով։
Ներկայացման մեջ Կլավդիոսը ասում է՝ մեր հասարակությունը դարձել է «անգիտակից սպառողների հոտ»: Այո, այսօր տեխնոլոգիաները եւ իրականությունը դարձնում է մեզ անգիտակից սպառող։ Շատ երկար վերջերս ուսումնասիրում եմ, թե որքան սնունդ պետք է ընդունի մարդը։ Պարզվում է՝ կարող ենք նույնիսկ օրերով քաղցած մնալ, եւ դա մեզ ավելի օգտակար է, քան այն, որ մեր մեջ դրված է, թե օրը մի քանի անգամ պետք է ընդունել սնունդ եւ անընդհատ սննդային ընդմիջումներ ունենալ։ Պարզվում է, որ այդպես չէ, մեր օրգանիզմը դրա կարիքը չունի։ Մեզ ուղղակի բերել են դրան, որպեսզի լինենք սպառող, եւ նրանք, ովքեր զբաղվում են արտադրությամբ եւ իրենց գործով մեզ, այսպես ասած, ասեղի վրա են նստեցնում ու փորձում են իրենք առաջ գնալ իրենց գործի մեջ:
Ահա թե ինչու «Համլետ. Collapse», ահա թե ինչու մեր Համլետը մի փոքր տարօրինակ է եւ նյարդային։ Այսօր բարդ է հանգիստ, հանդարտ ապրել։ Ամեն ինչ նյարդայնացնում է մարդուն, ամեն ինչ մարդուն դարձնում է գրգռված եւ մրցակցությունը մարդկանց մեջ աներեւակայելի տագնապի է բերում։ Այդ մրցակցությունը հենց այդ սպառման մեջ է, ով ինչ ունի եւ ինչի է հասել։ Մարդիկ կան, որ երբեւիցե կանգ չեն առնում իրենց ձեռք բերածից, ունեցվածքից, բայց երեւի թե, երբ արդեն գալիս են մի տարիքի, որ շատ կարճ կյանք է մնացել, գիտակցում են, որ այս ամենն իրենց հարկավոր չէր: Ընդամենը հարկավոր էր վայելել կյանքը, հանդարտ, հանգիստ ապրել եւ գեղեցիկ ապրել։
Ես մի օրինակ բերեմ. կարծում եմ` զուգահեռ կարելի է անցկացնել Սթիվ Ջոբսի հետ։ Մարդ, որ ուներ ամեն ինչ, բայց այդ ամեն ինչին հասել էր իր առողջության, իր նյարդերի, իր կյանքի ռիթմի միջոցով, որն իսկապես ազդեցություն էր ունեցել իր առողջության վրա եւ 56 տարեկանում մահացավ: Ի՞նչ հասցրեց, ի՞նչ կարողացավ անել…. Ես կարծում եմ` այսօր մարդիկ շատ ավելի պետք է մտածեն իրենց առողջության մասին եւ մտածեն, թե ուր ենք գնում, ինչպիսին ենք սարքում մեր միջավայրը, ինչպիսին է մեր էկոլոգիան եւ մի փոքր բարի լինել, այս մրցավազքի մեջ չմտնել, մի փոքր հանդարտ ապրել։
Ինչի՞ է կոչված արվեստը, ինչի՞ ենք մենք ստեղծագործում։ Մենք ստեղծագործում ենք, որպեսզի որքանով հնարավոր է մարդկանց գիտակցությունը փոխենք։ Ներկայացման առաջնախաղից հետո՝ հանդիսատեսի արձագանքից, վերաբերմունքից ու էմոցիաներից հասկացա, որ մենք մեր նպատակին մի փոքր մոտեցել ենք, ավելին՝ հասել ենք։ Մարդիկ ինձ մոտենում էին ու ասում, որ վերջին տեքստը, Համլետի վերջին մենախոսությունը, որի մասին ես քիչ առաջ խոսում էի, մոտավորապես եթե ամփոփենք, հետեւյալն է՝ այո՛, մենք ենք մեղավոր մեր բոլոր մեղքերի, ցավերի եւ բացթողումների մեջ։ Մի պահ պետք է կանգ առնել եւ վերագնահատել կյանքն ու իրականությունը եւ փոխել, նախ եւ առաջ՝ փոխվել։ Պետք է փոխենք ինքներս մեզ եւ հետո փորձենք փոխել մեր միջավայրը՝ այն ամենն, ինչ մեզ շրջապատում է։ Դա գերագույն պատասխանատվություն է, բայց, այնուամենայնիվ, պետք է գնալ դրան: Անընդհատ ներկայացման մեջ հնչում է հետեւյալ հարցը` «լինե՞լ, թե՞ չլինել»: Գրեթե բոլոր գլխավոր կերպարներին այդ հարցը Համլետը տալիս է, ես էլ եմ տալիս, եւ վերջում ինքը պատասխանում է՝ այո՛, լինել, նույնիսկ եթե շատ դժվար է, եթե անհնար է ապրել եւ շուրջ բոլորը դավաճանություններ են, չկամություն, ատելություն, բայց, այնուամենայնիվ, պետք է ապրել։ Պետք է փորձել այս միջավայրը փոխել եւ պետք է սկսենք ամեն մեկս մեզնից։

Բաց մի թողեք
«Համլետ Collapse»-ը ոչ միայն անձնական, այլ պետական, հասարակական ու բարոյական փլուզում է․ Սուրեն Շահվերդյանի նոր ներկայացման առաջնախաղը․ Լուսանկարներ
Ժամանակակիցը ոչ թե «դժվար» է, այլ անկեղծ․ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի փառատոնային երկրորդ համերգը․ Տեսանյութեր
Արա Վահունին ոչ միայն ֆիլմեր է թողել, այլ նաև մի ամբողջ քաղաքային զգացողություն․ Երվանդ Քոչարի մասին նրա ֆիլմը․ Լուսանկարներ