15/04/2026

EU – Armenia

Ինչ բացասական հետեւանքներ կլինեն Հայաստանի համար

Кавказское обозрение տելեգրամյան ալիքն անդրադարձել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակմանն ու հատկապես այն հարցին, թե Հայաստանի համար այդ հարձակումն ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ։

Այսպես, ըստ հոդվածի.

• կարճաժամկետ հարձակումն Իրանի վրա, որը կարող է տեւել մի քանի շաբաթ, կարող է հարկադրել Իրանին՝ շարունակելու բանակցությունները կամ կապիտուլացվել։ Չի բացառվում նաեւ, որ տեղի ունենա վարչակարգի փոփոխություն, ըստ «հարավսլավական սցենարի»։

• Ավելի տեւական ռմբահարումները եւ էթնիկ ու քաղաքական հակամարտության հրահրումն Իրանի տարածքում, ըստ «լիբիական սցենարի», կարող է բերել Իրանում իրավիճակի ապակայունացման

• իսկ եթե հարվածներն ընթանան «սիրիական սցենարով», ապա դա կարող է հանգեցնել Իրանի փաստացի մասնատմանը։

Այս ամենը, ըստ հոդվածի, չափազանց վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար, քանի որ Իրանից դեպի Հայաստան կլինի փախստականների մեծ հոսք։ Իրանից Ադրբեջան փախստականների մեծ հոսք կլինի, որն առիթ կտա, որ Ալիեւը դարձյալ պահանջի, որ 300 հազար ադրբեջանցիները վերադառնան Հայաստան։

Հնարավոր է նաեւ, որ փախստականների հոսքի հետ ինքնաբուխ կամ կազմակերպված ձեւով ներթափանցում իրականացվի Հայաստանի Սյունիքի մարզ, որտեղ հաստատվի անվտանգության գոտի՝ թուրքական կամ ադրբեջանական ռազմական ուժի հսկողությամբ։

Տարբեր փորձագետներ այս ամենի մասին խոսել են տարիներ շարունակ։ Ու հիմա Իրանում պատերազմը կարծես թե կարող է նաեւ արձակել Ադրբեջանի ձեռքերը։ Թեեւ Հայաստանն ամեն կերպ ձգտում է պահպանել չեզոքություն, սակայն բացառված չէ, որ ինչ-որ փուլից ստիպված լինի ներքաշվել ռեգիոնալ այս նոր հակամարտության մեջ։