Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության համագումարում Վլադիմիր Պուտինը «ողջունել է պետության կարիքների համար գործարարների տուրքերի գաղափարը, բայց դա նրա նախաձեռնությունը չէր:
Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերով, համագումարից հետո Պուտինը հանդիպում է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնցից մեկը խոշոր չափի նվիրատվություն է արել, և դա «նրա ընտանիքի որոշումն» է:
Պեսկովը հերքել է, որ նա «Ռոսնևթ» ընկերության գլխավոր տնօրեն Սեչինն է:
Financial Times-ի տեղեկություններով, համագումարի պաշտոնական փակումից հետո Վլադիմիր Պուտինը «շուրջ երկու ժամ բանակցել է մի խումբ գործարարների հետ և նրանց հորդորել, որ Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար պետությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերեն»:
Ըստ ամերիկյան պարբերականի, այդ առաջարկությունը ողջունել են «Իգոր Սեչինը և միլիարդատեր Օլեգ Դերիբասկան»:
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը, այսպիսով, բուն փաստը, որ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար ոչ պետական ֆինանսական միջոցների կարիք ունի, չի հերքել:
Պատերազմը շարունակվում է արդեն հինգերորդ տարին, իսկ ռուսաստանցի խոշոր գործարարներն առաջին անգամ են «հայրենասիրական նախաձեռնություն ցուցաբերում», ուստի պարզ է, որ Պուտինը պարզապես նրանց պարտադրում է, ինչպես ասում են՝ «մուծվել»:
Financial Times-ի իրազեկ աղբյուրները միաժամանակ հայտնել են, որ Պուտինի խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար չափազանց կարևոր բացահայտում է արել: Նա ասել է, որ «այլևս չի առաջնորդվում Դոնբասում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին ամերիկյան առաջարկությամբ, փոխարենը որոշել է ամբողջովին գրավել տեղաշրջանը»:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից ստանձնելուց հետո առաջին անգամ խիստ քննադատել է Միացյալ Նահանգներին և ամերիկյան վարչակազմին նույնիսկ «Հյուսիսային հոսքեր» գազամուղներին «տիրանալու ցանկություն» վերագրել:
Որոշակի պաուզայից հետո Կրեմլը կրկին գործի է դրել քարոզչական «ծանր հրետանին». Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը սոցիալական X հարթակում անգլերենով բացարձակապես անկիրթ գրառում է կատարել և Եվրամիության անվտանգության և արտաքին կապերի գերագույն հանձնակատար Կայա Կալասին անվանել «բութ»:
Պատճառն այն է, որ Կալասը Ռուսաստանին մեղադրել է «իրեն չպատկանող Դոնբասի նկատմամբ տարածքային հավակնությունների մեջ»: Ի պատասխան Մեդվեդևը ասել է, որ Կալասի հայրենի «Էստոնիան նույնպես Ռուսաստանի մաս է կազմել»:

Բաց մի թողեք
Թեհրանը հասկացրել է, որ պատրաստ է զինված դիմակայության ևս մեկ փուլի
ԻՀՊԿ հրամանատարությունը Արաղչիին կրկին «իդիոտ» կհամարի ու կչեղարկի Պուտինի հետ համաձայնությունները
Կողմերը ֆորմալ կշարունակեն հավատարիմ մնալ ռազմավարական գործընկերային համագործակցությանը