17/04/2026

EU – Armenia

Իրանա – ամերիկյան բանակցությունները ձախողվել են

Իսլամաբադում իրանա-ամերիկյան բանակցությունները ավարտվել են: Այդ մասին լրագրողներին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Նրա գնահատմամբ՝ կողմերը որևէ համաձայնության չեն եկել, և դա «ավելի շատ վատ է Իրանի, քանի Միացյալ Նահանգների համար»:

Tasnim գործակալությունը փոխանցել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաղայիի տեսակետը, ըստ որի «բանակցություններն ընթացել են քառասուն օր տեւած ռազմական գործողությունների հետո, անվստահության և կասկածամտության պայմաններում, և ոչ ոք ավելի մեծ արդյունքի չէր սպասում»:

Իսրայելական ynet-ի քաղաքական մեկնաբանը ուշադրություն է հրավիրել Բաղայիի այն մտքին, որ ԱՄՆ և Իրանի բանակցային թիմերի «տեխնիկական խմբերը հետագայում առաջարկություններ կփոխանակեն»:

Ըստ իսրայելցի մեկնաբանի, դա վկայում է, որ Միացյալ Նահանգները և Իրանը «մեկ օրում չէին կարող հասնել սկզբունքային պայմանավորվածության, բայց այդ հնարավորությունը վերջնականապես սպառված» չէ:

Իրանա-ամերիկյան բանակցություններին Իսրայելը ներգրավված է գրեթե ուղղակիորեն, և հրապարակման հեղինակը, ամենայն հավանականությամբ, օգտվել է խորհրդապահական բնույթի տեղեկատվությունից:

Նրա ներկայացմամբ, Իսլամաբադում կողմերը հիմնականում քննարկել են Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությունը վերականգնելու հարցը: Ըստ այդմ, ԱՄՆ-ը չի ընդունում նեղուցի նկատմամբ Իրանի բացարձակ իրավազորությունը, բայց «պատրաստ է լսել, թե նախկին կարգը վերականգնելու դիմաց Թեհրանը ինչ է ակնկալում»:

«Ինչ է սպասվում առաջիկայում» հարցին իսրայելցի քաղաքական մեկնաբանը տալիս է բավական լավատեսական պատասխան: Նա համոզված է, որ մոտակա օրերին Թրամփը «կպահանջի Լիբանանում դադարեցնել կրակը, և Իսրայելը կենթարկվի», որին «կհաջորդի հրադադարը երկարաձգելու մասին ամերիկյան կողմի հայտարարությունը»:

Ոչ ոք, իրոք, չէր ակնկալում, որ Իսլամաբադի բանակցություններում ԱՄՆ-ը և Իրանը կարող են համապարփակ համաձայնության հասնել: Կարևորը, ինչպես իսրայելցի հեղինակն է առանձնացրել, գրեթե կեսդարյա ընդմիջումից հետո կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների՝ փոխնախագահ Վենսի և խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի դեմ առ դեմ հանդիպումն է, երկխոսության մեկնարկը: