Արևմտյան մամուլը ընդհանուր դրույթներով փոխանցել է Հունգարիայի ապագա վարչապետի ծրագրային ելույթը, որ նա ունեցել է համակիրների բազմահազարանոց հանրահավաքում, երբ հայտնի են դարձել ընտրությունների նախնական արդյունքները:
Բնականաբար, առանձնահատուկ ուշադրության է արժանացել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին նրա սկզբունքային հայտարարությունը:
Ըստ այդմ, ընտրությունները «չեն փոխել Հունգարիայի և Ռուսաստանի աշխարհագրությունը»: Մաջյարը փաստել է նաև Ռուսաստանից Հունգարիայի էներգետիկ կախվածությունը, ընդգծել դիվերսիֆիկացիայի անխուսափելիությունը, որ, սակայն, «ժամանակ է պահանջում և մեկ օրում չի իրականացվի»:
Այս համատեքստում Մաջյարը հավանական է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունը, բայց հատուկ շեշտել է, որ «դա բարեկամական երկխոսություն չի լինի»:
Փոխարենը ապագա վարչապետը խոստացել է վերականգնել Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Հունգարիայի «լիարժեք հարաբերությունները»: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ առաջիկա տարիներին Հունգարիան կդադարի Եվրոպայում Ռուսաստանի «ետնաբակ» կամ «նախաբաղնիք» լինել:
Մաջյարը նաև հակադարձել է «Ֆիդես» կուսակցության քարոզչությանը, թե կձևավորի «ուկրաինամետ կառավարություն» և հավաստիացրել, որ իր կառավարությունը «կլինի հունգարամետ»:
Ոչ պակաս կարևոր է, որ Մաջյարը Վիկտոր Օրբանին կոչ է արել լիազորությունների մնացած ժամկետում «չընդունել որոշումներ, որ կարող են խոչընդոտել «Տիսա» կուսակցության նախընտրական ծրագրի իրականացմանը, աշխատել որպես տեխնիկական կառավարություն»:
Պետեր Մաջյարի հայտարարություններից հասկացվում է, որ նա արմատական փոփոխությունների ծրագիր ունի: Ապագա վարչապետը Հունգարիայի գործող նախագահ Շույոկային հորդորել է հրաժարական տալ:
Նույն «խնդրանքը» նա ներկայացրել է Հունգարիայի գլխավոր դատախազին, «բոլոր բարձրագույն դատավորներին, Պետական վերահսկողության և Մամուլի ազգային վարչության պետերին, այլ պաշտոնյաների»:
Դա նշանակում է, որ Հունգարիայի նոր կառավարությունը իրավապահ և դատական, ինչպես նաև պետական վերահսկողության համակարգում արմատավորված կոռուպցիա է տեսնում և մտադիր է Օրբանի դրածոներին փոխարինել նոր մարդկանցով:
Կարելի է վստահության մեծ չափաբաժնով կանխատեսել, որ Մաջյարի կառավարությունը գնալու է «աղմկոտ բացահայտումների»: Խնդիր է, թե ի՞նչ «շառավղով» է ծավալվելու հակակոռուպցիոն պայքարը:
Եվ արդյոք խոսքը միայն տնտեսակա՞ն, թե՞ նաև քաղաքական կոռուպցիայի մասին է: Եթե Օրբանի «դարաշարջանի լվացքը» դուրս գա Հունգարիայի սահմաններից, ապա Մաջյարը կարող է լրջագույն խնդիրներ ունենալ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, այլ երկրների հետ:

Բաց մի թողեք
Իրավիճակը լուրջ է․ դեսպան Կոպիրկինը կանչվել է ՌԴ՝ խորհրդակցությունների
Ռուսաստանը ԵՄ-ին թշնամի է հռչակել
ՌԴ փոխվարչապետը` Հայաստանի և ԵԱՏՄ անդամակցության մասին