17/04/2026

EU – Armenia

Մոսկվան և Բաքուն շատ սկզբունքային համաձայնության են եկել Հայաստանի վարչապետի մոսկովյան այցից ուղիղ երկու շաբաթ հետո

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել և արձանագրել, որ անցյալ տարվա հոկտեմբերին երկու երկրների նախագահների ձեռք բերած պայմանավորվածության համաձայն «կողմերը եկել են Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում ՀՕՊ-ի ոչ միտումնավոր գործողությունների հետեւանքով Ակթաուի մոտ 2024 թ. դեկտեմբերի 25-ին AZAL ավիաընկերության Embraer ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորմանը»:

Հրապարակայնացնելով, որ «լուծվել է նաև փոխհատուցման հարցը», կողմերն ընդգծել են, որ ձեռնարկված քայլերը վկայում են «դաշնակցային համագործակցության շրջանակներում փոխշահավետ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ձգտումը»:

Ռուս-ադրբեջանական ավելի քան մեկ տարի տեւած լարվածության էջը, այսպիսով, կարելի է փակված համարել, ինչը մեծ հաշվով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական շատ կարևոր ձեռքբերումն է:

Նախ, նրան հաջողվել է բացառել ադրբեջանական ինքնաթիռի «խոցման պատասխանատուներին» քրեական պատասխանատվության ենթարկելու մասին Իլհամ Ալիևի պահանջը, ապա և հասնել երկու երկրների միջև հարաբերությունները «դաշնակցային համագործակցության» մակարդակի վերահաստատմանը:

Ռուս-ադրբեջանական «հաշտությունը» կայացել է չափազանց բարդ իրավիճակում և հենց դրանով էլ արժանի է խոր և համակոզմանի վերլուծության: Թռուցիկ հայացքով կարելի է արձանագրել հետեւյալը:

Մոսկվան և Բաքուն շատ սկզբունքային համաձայնության են եկել Հայաստանի վարչապետի մոսկովյան այցից ուղիղ երկու շաբաթ հետո: Այդ մասին հայտարարություն է տարածվել, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը գտնվում է Պեկինում, իսկ Իսլամաբադում սպասվում է իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը:

Ռուս-ադրբեջանական համաձայնությանը նախորդել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը: Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ անվտանգային և այդ ոլորտում հետագա համագործակցության հետ կապված հարցերի շուրջ, իսկ երկու օր առաջ ԵՄ-ում Պուտինի և Ալիևի երկարամյա հուսալի գործընկեր Վիկտոր Օրբանը կորցրել է իշխանությունը:

Կարելի է ենթադրել, որ Պուտին-Ալիև անձնական հարաբերությունների ճգնաժամը նույնպես հաղթահարված է և տեսանելի ապագայում նրանք առնվազն հեռախոսազրույց կունենան: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների «վերբեռնումն», անկասկած, Հայաստանի ներքաղաքական կյանքում ազդեցություն կունենա:

Դա կարող է ազդակ լինել ընդդիմությանը: Դա, ինչ խոսք, մարտահրավեր է, բայց մյուս կողմից ընդդիմությունը կարող է զրկվել քարոզչական գլխավոր հաղթաթղթից, թե «Ալիևը սատարում է Փաշինյանին»: