16/04/2026

EU – Armenia

Մագյարի կառավարությունը կշարունակի՞ Հունգարիան պահել Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մաջյարի հետ:

Այդ մասին հայտնել է «Անադոլու» պետական գործակալությունը՝ հղելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պաշտոնական հաղորդագրությանը:

Ըստ այդմ, «առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունների ապագան, տարածաշրջանային և գլոբալ հարցեր»: Թուրքիայի նախագահը ընդգծել է երկու երկրների «հարաբերությունների ամրությունը, որ հիմնված է ընդհանուր պատմության և մշակույթի վրա, վստահություն հայտնել, որ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությունը կզարգանա ավելի ակտիվ, ընդգծել, որ ՆԱՏՕ-ին երկու երկրների անդամակցությունը նպաստում է տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը»:

Թուրքիայի նախագահը և Հունգարիայի դեռևս գործող վարչապետը վերջին երկու տարում երկկողմ և բազմակողմ ձևաչափում ավելի քան տասը հանդիպում են ունեցել, այդ թվում՝ ուկրաինական կարգավորման միջնորդության հարցով:

Վերջին անգամ Էրդողանը Օրբանին Ստամբուլում ընդունել է մի քանի ամիս առաջ՝ 2025թ. դեկտեմբերի 8-ին, բայց քաղաքականությունը պահանջում է իրենը, և Թուրքիայի նախագահը, որ այլ դեպքերում իրեն շատ վերամբարձ է դրսևորում, առաջինն է զանգահարել Հունգարիայի ապագա վարչապետին:

Այդ հեռախոսազրույցի մասին թուրքական կողմի պաշտոնական տեղեկատվության, ինչպես ասում են՝ «աղը» Էրդողանի կողմից երկու երկրների հարաբերությունների հիմքի՝ «ընդհանուր պատմության և մշակույթի» մասին արված ընդգծումն է, ինչից կարելի է հասկանալ, որ Թուրքիայի նախագահի համար առանցքային է մի հարց. Պետեր Մաջյարի կառավարությունը կշարունակի՞ Հունգարիան պահել Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամի կարգավիճակում, թե՞ կվերանայի Օրբանի կամային որոշումը:

Մերձավոր Արևելքում իրավիճակը ԹՊԿ ինստիտուցիոնալացման բավական շոշափելի հնարավորություն է ստեղծել: Եվրոպական երկրի թեկուզ դիտորդի կարգավիճակով այդ կառույցին անդամակցությունը Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում առանձնահատուկ նշանակություն ունի:

Պաշտոնական հաղորդագրությունը, կարծես, այդ թեման գիտակցաբար շրջանցել է: Ըստ երևույթին, դրան անդրադարձ եղել է, բայց՝ ոչ այնքան առարկայական կամ, գուցե, Պետեր Մաջյարը որոշակիությունից առայժմ խուսափել է, ուստի թեման չի հրապարակայնացվել:

Փոխարենը շեշտվել է տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ապահովման հարցում երկու երկրների ՆԱՏՕ-ին անդամակցության կարեւորությունը, ինչից հասկացվում է, որ, անկախ ԹՊԿ-ի հետ հետագա առնչակցությունից, Հունգարիան և Թուրքիան, միևնույն է, անվտանգային նույն համակարգում են: