17/04/2026

EU – Armenia

Ի՞նչ պայմաններով Թեհրանը կհամաձայնի նման սցենարի

Իսրայելի և Լիբանանի միջև կհաստատվի տասնօրյա հրադադար: Այդ մասին սոցցանցային գրառման ձևաչափով հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա մանրամասնել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել իր և Լիբանանի նախագահ Աունի ու Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հեռախոսազրույցների արդյունքում: Թրամփը հավելել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և պետքարտուղար Ռուբիոյին հանձնարարել է խաղաղություն հաստատելու համար աշխատել երկու կողմերի հետ:

Կարճ ժամանակ հետո ԱՄՆ նախագահը երկրորդ գրառումն է կատարել և հանրայնացրել, որ ինքը Լիբանանի նախագահին և Իսրայելի վարչապետի կհրավիրի Սպիտակ տուն: Ըստ երևույթին, դա կարվի այն ժամանակ, երբ Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը բարձր մակարդակով ստորագրման պատրաստ կլինի:

Առերևույթ ԱՄՆ նախագահին, կարծես, հաջողվում է «կանգնեցնել» ևս մեկ պատերազմ: Իրականում, սակայն, իսրայելա-լիբանանյան հրադադարը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների Իրանի նախապայմաններից մեկն է: Երուսաղեմում ընդդիմությունը հենց այդպես էլ հասկացել է և Նաթանյահուին ենթարկել սուր քննադատության:

Նախկին վարչապետ Լապիդի գնահատմամբ՝ «Նաթանյահուն ի զորու չէ բանակի հաջողությունները հասցնել քաղաքական հաստատման», իսկ «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Լիբերմանը համոզված է, որ «Հըզբալան» խաղաղությունը «օգտագործելու է, որպեսզի նոր հարձակման նախապատրաստվի»:

«Եդիոտ ահրոնոտի» տեղեկացվածությամբ՝ «կառավարության անդամները խիստ զայրացել են, որ հրադադարի մասին տեղեկանում են ԱՄՆ նախագահի սոցցանցային գրառումից, բայց Նաթանյահուն քվեարկություն չի կազմակերպել»:

Այդուհանդերձ, Իսրայելի բանակը կմնա Լիբանանի հարավի արդեն զբաղեցրած դիրքերում: Այսպիսով, Իրանը հասել է «Հըզբալա»-ի դեմ Իսրայելի հարձակումների տասնօրյա դադարեցմանը: Այդ ընթացքում, հավանաբար, կկայանա իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը:

Մեծ հաշվով Լիբանանի հարավում ծավալվող իրադարձությունները Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի շարունակությունն են: Իրանի հաշվարկով՝ «Հըզբալա»-ն Իսրայելի դեմ երկրորդ ճակատ է վարում:

Եթե ԱՄՆ հետ բանակցություններում որևէ առաջընթաց արձանագրվի, ապա օրակարգ է գալու «Հըզբալա»-ի զինաթափման, իսրայելա-լիբանանյան սահմանի ապառազմանակացման և հսկողության հարցը:

Ի՞նչ պայմաններով Թեհրանը կհամաձայնի նման սցենարի, դժվար է պատկերացնել: