17/04/2026

EU – Armenia

Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի

ԱՄՆ Centcom-ի հրամանատար ծովակալ Բրեդ Կուպերը պատերազմի նախարար Փիթ Հեքսեթի և Միացյալ շտաբների պետ Դեն Քեյենի հետ Պենտագոնում մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իսրայելից «ավելի լավ դաշնակից չունի»:

Իրանի շուրջ իրավիճակի անորոշության ֆոնին իսրայելա-ամերիկյան հարաբերությունների այս բարձր գնահատականը, կարծես, վկայում է, որ Վաշինգտոնը և Երուսաղեմն, իրոք, քննարկում են ռազմական դաշինքը ֆորմալ մակարդակի բարձրացնելու հարցը, ինչի մասին ավելի վաղ տեղեկություն է տարածել ամերիկյան մամուլը:

Տարածաշրջանում Իսրայելի ռազմա-քաղաքական դերակատարությունը, անշուշտ, պայմանավորված է Միացյալ Նահանգների միանշանակ օգնությամբ: Այդպես միշտ է եղել, բայց այսօր իրավիճակը սկզբունքորեն այլ է:

Ջոն Բոլթոնը, որ Թրամփի նախագահության առաջին շրջանում զբաղեցրել է ազգային անվտանգության հարցերով նրա գլխավոր խորհրդականի պաշտոնը, օրերս բացահայտել է, որ Իրանի դեմ հարձակման գաղափարը Իսրայելի վարչապետը ներկայացրել է ԱՄՆ նախորդ նախագահներին ևս, բայց «կարողացել է համոզել միայն Դոնալդ Թրամփին»:

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը աննախադեպ է ոչ միայն բնույթով և ծավալներով, այլև աշխարհաքաղաքական հնարավոր հետևանքներով, որ, երևի, կունենան համակարգային նշանակություն:

Այս առումով չափազանց կարևոր է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի կանխատեսումը, որ «Եվրամիությունը վերածվում է ռազմական դաշինքի»: ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն ասել է, որ Թրամփը «եվրոպական դաշնակիցներից հիասթափված է»:

Նախօրեին Թրամփը հերթական անգամ «անիմաստություն» է որակել Եվրոպայի անվտանգության համար ԱՄՆ բյուջեից տարեկան հարյուր միլիարդավոր դոլարի ծախսը, եթե եվրոպացիները հարկավոր պահին ամերիկացիների հետ չեն:

Այս ֆոնին խիստ կարեւոր տեղեկություն է փոխանցել Turkiye պարբերականը, որի տեղեկություններով՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթե Բահչելին «նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է նախաձեռնել Թուրքիա-Ռուսաստան-Չինաստան ռազմական դաշինք»:

Բահչելին, ընդ որում, իսրայելա-ամերիկյան ռազմական համագործակցությունը բնորոշել է որպես «Թուրքիայի դեմ սատանայական գործարք»:

Այլ աղբյուրներ հայտնել են, որ Բահչելիի տեղակալներից «մեկը գործուղվել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ է ունեցել քաղաքական և հանրային գործիչների, գիտնականների և մտավորականների հետ, որոնց ընթացքում քննարկվել է ռուս-թուրք-չինական ռազմական դաշինքի հիմնավորման հարցը»:

Ինչպես էլ որ կարգավորվի Իրանի շուրջ իրավիճակը, գրեթե ակնհայտ է, որ գլոբալ անվտանգության ճարտապետությունը ենթարկվելու է արմատական փոխակերպման: Եթե ռուս-թուրք-չինական ռազմական դաշինքի մասին քննարկումները ծավալվում են Թուրքիայի նախագահի իմացությամբ, իսկ Բահչելին խորհրդարանում նրա կոալիցիոն գործընկերն է և հազիվ թե չհամաձայնեցված հայտարարություն է արել, ապա այդ հարցում ի՞նչ դիրքորոշում ունի Ադրբեջանը, որ Թուրքիայի հետ կապված է ռազմական փոխադարձ օգնության, իսկ Չինաստանի հետ՝ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրով:

Նախօրեին Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի: