ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի և իրանցի բանակցողները, ըստ ամենայնի, այս շաբաթա վերջին կհանդիպեն բանակցությունների երկրորդ փուլի շրջանակում՝ փորձելով հասնել համաձայնության։
Ըստ Axios-ի՝ հանդիպումը նախատեսվում է անցկացնել կիրակի օրը Իսլամաբադում։ Սակայն իրանական կողմը, ըստ ամենայնի, դեռևս լիարժեք համաձայն չէ նոր հանդիպման անցկացման հարցում։
Իրանագետ Փույա Հոսսեինիը մանրամասնում է․ «Պետք է լինի երկրորդ հանդիպում։ Սակայն պարզ է, որ Իրանը Հորմուզի նեղուցը չի բացելու։ Վերջերս ԱՄՆ-ը հայտարարեց, որ նաև Լիբանանի ճակատում պետք է լինի հրադադար, այսինքն՝ կատարեց Իրանի առաջին պայմանը, և Իրանը հայտարարեց, որ սահմանափակ ռեժիմով կբացի Հորմուզի նեղուցը և կանի այն, ինչ պայմանավորվել էին»։
Բացի այդ առաջին հանդիպումից հետո ԱՄՆ-ը սահմանափակումներ է կիրառել իրանական նավերի ելքի և մուտքի վրա, մեկուսացրել է Իրանի նավահանգիստները, թույլ չի տալիս, որ իրանական նավերը հասնեն ազատ ծովեր և վերադառնան Իրան։ Սա, ըստ էության, հրադադարի խախտում է։ Իրանը հայտարարել է, որ մինչև այդ սահմանափակումները չվերացվեն, նեղուցը կմնա նույն վիճակում․ «Իրանը խիստ պահանջում է, որ ԱՄՆ-ը կատարի բոլոր պայմանավորված պարտավորությունները, սակայն ԱՄՆ-ը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ վստահելի գործընկեր չէ բանակցություններում և բազմիցս օգտագործել է բանակցությունները՝ պատերազմի համար ժամանակ շահելու նպատակով։ Այնուամենայնիվ, Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի և միայն մեկ պայմանով կգնա խաղաղության համաձայնագրի՝ փոխզիջման դեպքում, ոչ թե միակողմանի պարտադրանքի»։
Անդրադառնալով այն առաջարկին, ըստ որի՝ Թրամփը հորդորել էր Հորմուզի նեղուցը համատեղ օգտագործել՝ իրանագետը նշել է. «Իրանը ինչու պետք է թույլ տա, որ Հորմուզի նեղուցը գտնվի այլ ուժերի վերահսկողության տակ․ դա անընդունելի է։ Տարիներ շարունակ նեղուցը եղել է ազատ ռեժիմում, և Իրանը չի խոչընդոտել նույնիսկ ռազմանավերի անցումը։ Սակայն երբ իրենց դեմ պատերազմ է հրահրվում, և տարածաշրջանի մի շարք արաբական պետություններ պատրաստ են իրենց տարածքները տրամադրել Իրանի դեմ գործողությունների համար, Իրանը լիովին իրավունք ունի պաշտպանել իր շահերը»։
Հարցին՝ արդյոք երկրորդ հանդիպումից կարելի՞ է կոնկրետ արդյունքների սպասել, փորձագետը զգուշավոր պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է․ հնարավոր է հանդիպում տեղի ունենա, հնարավոր է՝ ինչ-որ համաձայնություն ձեռք բերվի, բայց նաև չի բացառվում, որ հրադադարի ժամկետի ավարտից հետո պատերազմը վերսկսվի։ Պետք է սպասել առաջիկա օրերին և ժամերին՝ հասկանալու, թե ինչ զարգացումներ են լինելու»։
Իրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ երկխոսության հաջորդ փուլին՝ պարտադրված ծովային շրջափակման և Վաշինգտոնի չափազանց պահանջների պատճառով, հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ամերիկացիների չափազանց պահանջներից հրաժարվելը բանակցությունները շարունակելու գլխավոր պայմանն է, հակառակ դեպքում Իրանը «ժամանակ չի վատնի ուժասպառ և անօգուտ բանակցությունների վրա»։
Այս դիրքորոշումն ԱՄՆ պաշտոնյաներին փոխանցվել է պակիստանցի միջնորդի միջոցով։

Բաց մի թողեք
Նախագիծ՝ տանկերը Եվրոպայում մի քանի սեղմումով տեղափոխելու համար
Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի հարվածները ճնշում են գործադրում Ռուսաստանի տնտեսության վրա
Իրանը կհակահարձակվի, երբ տարածաշրջանում Միացյալ Նահանգների լիովին հեղինակազրկված կլինեն