19/04/2026

EU – Armenia

Իրանը վերջնագրերից չի վախենում. Ոսկանյան

ԱՄՆ-ին չի հաջողվում Իրանին պարտադրել կատարել իր պահանջները, նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Վերջին զարգացումներին անդրադառնալով՝ իրանագետը շեշտել է՝ իրանցիները վերջնագրերից չեն վախենում.

«Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը, և այս համատեքստում Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը շատ կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ ԱՄՆ-ի նախագահին մեղադրելով սոցիալական ցանցում կեղծ պնդումներ անելու մեջ։

Ղալիբաֆը նշել է, որ «Հորմուզի նեղուցի բաց կամ փակ լինելը և դրա վրա տարածվող կարգավորումները որոշում է մարտադաշտը, ոչ թե սոցիալական ցանցերը»։

Իրանը ի մոտո ճանաչող ցանկացած անձ գիտե, որ իրանցիների հետ պահանջների և պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է, քանի որ իրանցիներին հնարավոր է համոզել, նրանց հետ կարելի է պայմանավորվել, բայց նրանց պարտադրելն, ըստ էության, անհնարին է։

Եվ երբ ԱՄՆ-ի հերթական պաշտոնյան նույնիսկ բանակցություններից հետո զարմանում է, թե ինչո՞ւ իրանցիները չեն վախենում և տուրք չեն տալիս իրենց պահանջներին, վերջնագրերին և պարտադրանքի փորձերին, ապա դա նշանակում է, որ նրա՝ ներկայիս Իրանի մասին պատկերացումները, մեղմ ասած, հիմնազուրկ են»։