20/04/2026

EU – Armenia

Մոսկվան պահանջում է ոչ թե Ուկրաինայի սահմանադրության և օրենքների փոփոխություն …

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական խորհրդաժողովի շրջանակներում եվրոպական երկրներին մեղադրել է «երկերեսանիության» մեջ:

Նա ասել է, որ եվրոպական մի քանի երկրների «գործընկերներ… Ուկրաինայում ռուսաց լեզվի և դավանանքի ճնշումների նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում, բայց կոնկրետ քայլերի մասին լռում են և ընդամենը խոսում «ապագա պայմանավորվածությունների փաթեթի» մասին:

«Ի՞նչ փաթեթ: Բոլոր փաստաթղթերում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանանդրությունը, ամրագրված է, որ բոլորը պարտավոր են հարգել մարդու իրավունքները, այդ թվում՝ լեզվի և դավանանքի առումով: Դա չի կարող առևտրի առարկա լինել: Նրանք (եվրոպացիները) պարտք է նրա (Զելենսկու) ձեռքերը փշրեն, եթե այն, ինչի համար նա պայքարում է, եվրոպական արժեքներ են»,-հայտարարել է Լավրովը:

Պաշտոնական Մոսկվան, այսիպիսով, միջազգային հարթակը հերթական անգամ օգտագործել է, որպեսզի Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությունը» մատուցի իբրև Դոնբասի և ուկրաինական մի քանի մարզերի ռուս և ռուսախոս բնակչության «իրավունքների պաշտպանության» համար մղվող պայքար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ «կարգավորումը պետք է վերացնի հակամարտության սկզբնապատճառները»:

Ընդ որում, Մոսկվան պահանջում է ոչ թե Ուկրաինայի սահմանադրության և օրենքների փոփոխություն, որ կերաշխավորի ռուս և ռուսական բնակչության լեզվական և կրոնական իրավունքները, այլ պնդում է, որ Ուկրաինան և միջազգային հանրությունը պետք է ճանաչեն «Ղրիմի, Դոնբասի և Նովոռուսիայի բնակչության իքնորոշումը, որ նրանք իրացրել են Ռուսաստանի կազմում միավորվելու կամարտահայտությամբ»:

Լավրովը Անթալիայում ասել է, որ ուկրաինական կարգավորման բանակցությունները դադարած են, բայց «համապատասխան ազդակ լինելու դեպքում Ռուսաստանը պատրաստ է դրական արձագանքել»: Նա նաև բացահայտել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները «բազմաթիվ տարաձայնություններ ունեն, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների հարցում»:

ՌԴ արտգործնախարարը, սակայն, ընդգծել է, որ, ի տարբերություն Ջո Բայդենի, որ Ռուսաստանի հետ «բոլոր շփումները արգելել» էր, նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփը «հանդես է եկել երկխոսության օգտին»:

Լավրովի Անթալիա այցի բուն նպատակը, իհարկե, պանելային քննարկմանը ելույթը չէ: «Անադոլուն» հայտնել է, որ նա հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ:

Բանակցությունների ավարտին կողմերը ստորագրել են ԱԳՆ ձևաչափով առաջիկա երկու տարիների համագործակցության հուշագիր: Երևում է, ռուս-թուրքական հարաբերություններում կրկին «ձնհալ» է սկսվում: