20/04/2026

EU – Armenia

Բագրատ արքեպիսկոպոսին պատկանող գույքի վրա արգելանք է դրվել

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին արգելվում է որեւէ գործողություն կատարել իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ։

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլի Դրմեյանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ՝ արգելելով Բագրատ Գալստանյանին կատարել որեւէ գործողություն Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող՝ 1198.09 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ։

Ըստ դատավորի՝ Բագրատ Գալստանյանը չի կարող կատարել որեւէ գործողություն, որը կհանգեցնի գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, մասնավորապես արգելել՝ ցանկացած եղանակով օտարել, գրավադրել վերոնշյալ գույքը։

Հայցադիմումը դատարան է ներկայացրել Գլխավոր դատախազությունը: Որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Բագրատ արքեպիսկոպոսին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, իշխանության յուրացման հոդվածներով։ Գործով անցնում են եւս 17 անձինք։