ԱԳՆ-ն հայտնել է Երևանում անցկացվելիք «Երևանյան երկխոսության» համաժողովի մասին:
«Ուրախ ենք հայտարարել ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող «Երևանյան երկխոսության» 3-րդ համաժողովի մասին, որը տեղի կունենա Երևանում 2026 թվականի մայիսի 5-6-ին: «Անցնելով փոթորիկների միջով» խորագիրը կրող այս տարվա համաժողովը կմիավորի առաջնորդների, քաղաքական գործիչների և փորձագետների՝ քննարկելու արագ փոփոխվող համաշխարհային իրողությունները:
Քննարկումների առանցքում կլինի ուժերի հարաբերակցության փոփոխության հետևանքով միջազգային հարաբերությունների վերափոխումը, որի պայմաններում փորձության են ենթարկվում անվտանգության առկա համակարգերը և միաժամանակ երկխոսության ու համագործակցության համար նոր ուղիներ են ստեղծվում:
![]()
Տնտեսական անկայունության և աճող մրցակցության համատեքստում մասնակիցները կքննարկեն տարածաշրջանային ամուր կապերի, բարելավված փոխկապակցվածության և առևտրի՝ կայունությանն ու ընդհանուր բարօրությանը նպաստելու հնարավորությունները: Զուգահեռ անդրադարձ կկատարվի հիբրիդային սպառնալիքների աճող մարտահրավերներին. չնայած աճող ճնշումներին՝ ժողովրդավարական համակարգերը զարգացնում են ավելի ուժեղ դիմակայունության ապահովմանը միտված գործընկերությունները: Կլիմայական գլոբալ առաջնահերթությունների համապատասխան՝ քննարկումները կընդգծեն նաև շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կայուն զարգացման լուծումների հրատապ անհրաժեշտությունը, այդ թվում՝ COP17-ի շրջանակներում առաջ քաշվող օրակարգի շրջանակներում:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան․ «Աշխարհաքաղաքական փոթորիկներով լի այս դարաշրջանում երկխոսությունն ու համագործակցությունն էական նշանակություն ունեն կայուն լուծումներ ձևավորելու գործում: Մինչ ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, դրանք նաև հնարավորություն են տալիս ամրապնդելու համատեղ ջանքերը խաղաղության, նորարարության և գործընկերության ուղղությամբ։ Ակնկալում ենք արդյունավետ քննարկումներ #YerevanDialogue-ի շրջանակում»։
Պանելային քննարկումները կներառեն հետևյալ թեմաները.
- Աշխարհաքաղաքական բաժանումներից անդին,
- Գլոբալ փոխկապակցվածություն,
- ԵՄ ընդլայնում և եվրոպական ինտեգրում,
- Ժողովրդավարական դիմակայունություն, հիբրիդային սպառնալիքներ և արհեստական բանականություն,
- Կանաչ փոխակերպում,
- Տեխնոլոգիաներ և անվտանգության ճարտարապետություն։
Այս տարի միջոցառումն անցկացվում է մի շարք առաջատար կազմակերպությունների հետ համագործակցությամբ, դրանք են՝ Observer Research Foundation-ը, Կազիմիր Պուլասկու հիմնադրամը (Warsaw Security Forum), Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնը (CAPS), Բլեդի ռազմավարական ֆորումը (BSF), Concordia ամենամյա գագաթնաժողովը և Դելֆիի տնտեսական ֆորումը:
Ավելին` yerevandialogue.com»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ամառային զորակոչը և որքան կտևի