Չնայած Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ հրապարակային կոշտ հռետորաբանությանը, Իրանը կանգնած է, իրոք, էքզիստենցիալ ընտրության շեմին: Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, երբ իրանական նավահանգիստների շրջափակումն ավելի կխստանա, երկիրը մի քանի շաբաթների ընթացքում ֆինանսապես կփլուզվի:
Տեղեկություններ կան, որ բանակը, ԻՀՊ կորպուսը և ուժային մյուս կառույցները «մարտ ամսի վարձատրությունը դեռևս չեն ստացել, և ոչ ոք չգիտի, թե պետական բյուջեն երբ նման հնարավորություն կունենա»: ԱՄՆ նախագահի հաշվարկով՝ նավահանգիստների շրջափակման հետևանքով Իրանը «օրական հինգ հարյուր միլիոն դոլար է կորցնում»:
Ավելի բարվոք չէ ներքաղաքական իրավիճակը: Իրանում փաստացի որոշում ընդունող միասնական իշխանություն չկա: Նման եզրակացության համար փորձագետները հիմք են ընդունում արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ կապված միջադեպը:
Երբ նա սոցցանցային գրառում է կատարել, որ Հորմուզի նեղուցը բաց է, ժամեր հետո ԻՀՊԿ ռազմանավերը կրակ են բացել հնդկական բեռնանավի ուղղությամբ: Ամերիկյան հետախուզությանը հաջողվել է ձայնագրել իրանցի սպաներից մեկի ռադիոհաղոդագրությունը, որտեղ նա Արաղչիին անվանել է «թվիթ հեղինակող իդիոտ»:
Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով Թեհրանի «ընդդիմադիր աղբյուրներին», հայտնել են, որ «փակ քննարկման ժամանակ խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը սուր քննադատության է ենթարկել պահպանողականներին, որ դեմ են ԱՄՆ հետ գործարքին»:
Ըստ տեղեկությունների, հատկապես սրված են Ղալիբաֆի և Ազգային անվտանգության խորհրդի անդամ Սայիդ Ջալալիի և պատգամավոր Ամիր-Հոսեյն Սաբեթիի հարաբերությունները»:
Իրավիճակը բացառիկ է նրանով, որ զոհված հոր փոխարեն գերագույն հոգևոր առաջնորդ «ընտրված» Մոջթաբա Խամենեին փաստացի անգործունակ է: Փորձագետների մեծ մասը համոզված է, որ Իրանում իշխանությունը «փաստացի անցել է ԻՀՊԿ –ին, որ պատերազմը մինչև հաղթական ավարտ շարունակելու կողմնակից» է:
Աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան բանակցային թիմը «արդեն ժամանել է Իսլամաբադ և սպասում է Իրանի պատվիրակությանը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «կամ գործարքը մեկ օրվա ընթացքում կկայանա, կամ ռմբակոծությունները կվերսկսվեն»:
Ստեղծված իրավիճակում ոչ միայն Իրանի, այլև Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների ապագան, ըստ էության, հայտնվել է ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարության ձեռքում:
Israel Inside-ը գրել է, որ «մոտակա օրերին, ամենայն հավանականությամբ, պաշտոնանկ կարվեն խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Արաղչին»: Եթե դեպքերը զարգանան այդ սցենարով, ապա Իրանում իշխանությունը լիովին կանցնի ԻՀՊԿ-ին, և Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետ դիմակայությունը կխորանա, որ կարող է ավարտվել երկրի պետական համակարգի փլուզմամբ և մասնատմամբ:

Բաց մի թողեք
Կլինի այնպես, ինչպես՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ․ Պուտին
Ո՞րն է ծրագրավորմանը Ադրբեջանին ներգրավելու շարժառիթը կամ հիմնավորումը
Պուտինը նախապատրաստվում է Ուկրաինայի դեմ վճռական հարձակման