Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին մի շարք քաղաքացիներ դիմել են շտապ օգնության ծառայություն՝ սրտխառնոցի, փորլուծության, փսխման և բարձր ջերմության գանգատներով։ Այս մասին հայտարարություն է տարածել նաև «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» տնօրինությունը։
Թունավորումը տեղի է ունեցել խմելու ջրից։ Իրավիճակի մասին արդեն տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը MediaHub-ին հայտնեց, որ իրավիճակի մասին արդեն տեղյակ են և ձեռնարկվում են համապատասխան հակահամաճարակային ծառայություններ։
«Ունեցել ենք շտապօգնության կանչեր՝ ընդհանուր թուլության, փսխման և ջերմության գանգատներով։ Անհապաղ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում։ Գործընթացը շարունակվում է, արդյունքների մասին կհայտնենք։ Ծանր դեպքեր չկան»,- հայտնեց Ծատրյանը։
«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրինությունը տեղեկացրել է, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։
«Խնդրում ենք նման գանգատների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի, հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից կամ օգտագործել եռացրած վիճակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում է տարածել նաև քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակար Արմեն Վարդումյանը։ Վերջինս տեղեկացրել է, որ բժշկական անձնակազմը գործում է աշխատանքային գրաֆիկից դուրս։ Բժիշկները հասանելի են շուրջօրյա, և անհրաժեշտության դեպքում հնարավոր է ցանկացած ժամանակ կապ հաստատել։
Անհրաժեշտության դեպքում պետք է զանգահարել՝ 077 35 99 47 և 094 35 99 47 հեռախոսահամարներին։
Ապրիլի 21-ի երեկոյան՝ ժամը 19-20:00-ից սկսած, եղել են շտապօնգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով:
«Քանի որ երեկոյան՝ ժամը 22-23:00-ի սահմաններում, նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի, իրավիճակի մասին հայտնել են «Հիվանդությունների վերահսկողության հանրապետական կենտրոն»:
Ամբողջ գիշեր շարունակվել են կանչերը մինչև առավոտ և այժմ էլ շարունակվում են: Առավոտից սկսած՝ քաղաքապետարանի ղեկավարությամբ բոլոր կազմակերպությունները տեղակացված են եղել՝ սկսած «Վեոլիա Ջրից» մինչև արտակարգ իրավիճակների վարչություն»,- ասաց նա՝ նշելով, որ տարբեր հասցեներում արդեն ջրից նմուշառումներ են արվել և սպասում են պատասխանի: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ևս ստուգումներ է իրականացնում:
Այսօր էլ նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է, կան նաև հոսպիտալացվածներ: Ոչ դրական դինամիկա ունեցող քաղաքացիներից 8-ն են հոսպիտալացվել:
Ինչ վերաբերում է հիվանդների ընդհանուր թվին, ապա այն թիվն ամբողջական հայտնի չէ, քանի որ շատերն ինքնուրույն են դիմում տարբեր ԲԿ-ներ»,- ասել է Վարդումյանը:

Բաց մի թողեք
Ժամում՝ 30 կանչ․ գանգատները նույնն են՝ փսխում, սրտխառնոց, ջերմություն, լուծ․ ինչ է կատարվում Բյուրեղավանում. Տեսանյութ
Անահիտ Ավանեսյանը վախեցավ բանավեճից․ բժիշկ Գևորգ Գրիգորյան
Նուբարաշենի աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը տեղափովել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար