23/04/2026

EU – Armenia

Մակրոնը և Էրդողանը անդրադարձե՞լ են Ֆրանսիա – Հայաստան համագործակցությանը

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը: 

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 3-4-ը Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին նախատեսված է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեհաստան այցի ընթացքում հաստատել է տեղեկությունը, որ կողմերը համատեղ զորավարժություններ անցկացնելու շուրջ բանակցություններ են վարում:

Ըստ արևմտյան մամուլի, «այդ զորավարժությունների առանցքային առանձնահատկությունն այն է, որ դրանք ներառնում են նաև միջուկային զսպման տարրերի ինտեգրացիա»: Ըստ նույն աղբյուրների, Ֆրանսիայից և Լեհաստանից զատ պաշտպանական համագործակցության նոր մոդիլին «ներգրավված են նաև Գերմանիան, Հունաստանը, Բելգիան, Դանիան և Շվեդիան»:

Փորձագետները այս նախաձեռնությունը դիտարկում են Եվրամիության «միջուկային հովանոց» նախագծի շրջանակներում «եվրոպական ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ վճռական քայլ»:

Ընդ որում, Ֆրանսիան «պահպանում է միջուկային զինանոցի կիրառման վերջնական որոշում ընդունելու բացառիկ իրավունքը», թեև «զսպան ուժերը կունենան համաեվրոպական նշանակություն»:

«Նման քննարկումների ակտիվացումը վկայում է Եվրոպայի պաշտպանական ճարտարապետության արմատական փոփոխությունը»: Ֆրանսիան փաստացի ԵՄ գործընկեր երկրներին առաջարկում է «ավելի խոր օպերատիվ ինտեգրացիա, բայց այնպես, որ սպառազինությունների կառավարման փոխակերպում տեղի չունենա»:

Դա միջուկային զինանոց չունեցող երկրներին թույլ կտա «ճգնաժամային արձագանքման սցենարի դեպքում ավելի արդյունավետ կոորդինացնել ֆրանսիական ուժերի հետ իրենց քայլերը»:

Անթալիայի դիվանագիտական համաժողովի փակման ամփոփիչ ելույթում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը Իսրայելին մեղադրել է Հունաստանի և Կիպրոսի հետ «հակամուսուլմանական ռազմական դաշինք ձևավորելու» մեջ:

Ինչպես պարզվում է, Հունաստանը ներգրավված է Ֆրանսիայի նախաձեռնած՝ եվրոպական անվտանգության նոր նախագծում: Մայիսի հինգին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով ժամանում է Հայաստան, ենթադրվում է, որ կողմերը ռազմավարական համագործակցության համաձայնագիր կստորագրեն:

Մոտ երկու շաբաթ առաջ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման թեման:

Ֆրանսիայի նախագահը գործընթացին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Մակրոնը և Էրդողանը անդրադարձե՞լ են Ֆրանսիա – Հայաստան համագործակցությանը, հայտնի չէ: Ուշագրավ է, որ Եվրոպայի ժողովրդավարական համայնքի երևանյան գագաթաժողովին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաև Լեհաստանի վարչապետ Տուսկը:

Ավելի վաղ անվտանգության ասպարեզում համագործակցության հարցեր պաշտպանության նախարարների մակարդակով քննարկել են նաև Հայաստանը և Հունաստանը: