ԱՄՆ պետական դեպարտամենտը Իրանի տարածքում գտնվող ամերիկյան քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ: Պետդեպը, ընդսմին, նշել է նաև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ցամաքային ճանապարհներով հեռանալու տարբերակը, իսկ Աֆղանստանի և Պակիստանի տարածքը գնահատել է «ոչ անվտանգ»:
Լրատվամիջոցը ենթադրել է, որ Սպիտակ տունը «Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը շատ հավանական է համարում»:
Իրանական tasnim գործակալությունը իր հերթին տարածել է ԻՀՊԿ «բարձրաստիճան ներկայացուցչի» հայտարարությունը, որտեղ նա «հարավային հարևաններին հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցը ոչ միայն նավագնացության երթուղի է, այլև ապահովում է մալուխային կապը»:
Israel Inside-ը եզրակացրել է, որ Իրանը Պարսից ծոցի արաբական երկրներին «սպառնում է, որ անհրաժեշտության դեպքում կվնասի կապի մալուխները»: Ավելի վաղ Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ամերիկյան արբանյակային կապի կենտրոնները:
Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման «բարձր հավանականության» ևս մի վկայություն է վկայակոչվում: Ըստ այդմ, ուկրաինացի զինվորականները Սաուդյան Արաբիայում ամերիկյան ամենախոշոր ռազմահենակայանում «սկսել են ԱԹՍ-երի դեմ պայքարի առաջավոր տեխնոլոգիաներ տեղաբաշխել և ամերիկացի զինվորականներին դրանց կիրառման համար անհրաժեշտ հմտություններ ուսուցանել»:
Ուկրաինան այդ տեխնոլոգիաները հաջողությամբ կիրառում է Ռուսաստանի դեմ պատերազմում: Խոսքը իրանական «Շահեդ» ԱԹՍ-երի դեմ պայքարի միջոցների և կիրառման ծրագրված համակարգի ներդրման մասին է:
Այդ ռազմակայանը մի քանի անգամ ենթարկվել է իրանական ԱԹՍ-երի հարձակման: Պարզվել է, որ ամերիկյան հակաօդային պաշտպանության միջոցների «արդյունավետությունը բարձր չէ, իսկ կիրառված հրթիռների արժեքը չափազանց մեծ» է:
Եթե արևմտյան և արաբական մի քանի լրատվամիջոցների տարածած այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա պետք է արձանագրել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հաջողվել է իր առաջարկությունը Դոնալդ Թրամփի մոտ ընդունելի դարձնել:
Մարտի սկզբին, ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահը մերժել է Զելենսկու առաջարկությունը և հայտարարել, որ Միացյալ Նահանգները «պաշտպանության հարցում որևէ մեկի օգնության կարիքը չունի»:
Սաուդյան Արաբիայի տարածքում ԱՄՆ ռազմահենակայանի պաշտպանությանը ուկրաինական տեխնոլոգիաների և ծրագրավորումների ներգրավումը միջազգային ասպարեզում կտրուկ կբարձրացնի Ուկրաինայի ռազմական արդյունաբերության և գիտատեխնիկական ու տեխնոլոգիական համակարգերի հեղինակությունը:
Փաստացի ԱՄՆ-ը և Ուկրաինան Մերձավոր Արևելքում կգործեն որպես ռազմավարական դաշնակիցներ: Դա չի կարող չանդրադառնալ ուկրաինական կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշմանը:

Բաց մի թողեք
Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի վերաբերմունքը «սպասողական» է
ԱՄՆ-ը կռմբակոծի՞ Մոջթաբա Խամենեիի ապաստարանը
Ռուսաստանը Եվրոպային վերստին սպառնում է տակտիկական միջուկային զենքով