Այսօր մայիսի 28-ն է՝ Հայաստանի տոնացույցի նվիրական օրերից մեկը՝ Հանրապետության տոնը:
1918-ի հենց այս օրը՝ Հայոց ազգային խորհուրդը հայտարարել է անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հայ ժողովուրդը վճռական այո՛ է ասել գոյության իրավունքին:
Ծանր մաքառումների գնով՝ Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը:
20-րդ դարասկզբի ողբերգություններից հետո Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծումը ինչ-որ առումով հրաշքի էր նման: Հայրենազրկումից, ցեղասպանության ենթարկվելուց ընդամենը երեք տարի անց հայ ժողովուրդը կարողացավ ինքնակազմակերպվել, ինքնապաշտպանական կռիվներ մղել, հաղթել և ստեղծել պետություն:
Ցավոք, Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կարմիր բանակը օկուպացրեց Հայաստանը և այն հռչակեց Խորհրդային Հանրապետություն։ Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով:
Հայաստանի Հանրապետության ստեղծումը 1918-ին նվեր չէր, պատահականության արդյունք չէր, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել: Հայ ժողովուրդը հերոսական պայքարով, թշնամական բազմապատիկ զորքերի դեմ ինքնապաշտպանական մարտերով կարողացավ նվաճել անկախությունը:
Օրվա առիթով Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 10։00-ին կմեկնարկի զորահանդես։

Բաց մի թողեք
Սև ծովից ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանն առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին
Հայաստանը՝ աշխարհի 3-րդ ամենանյարդային երկիր
ԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթա. Լուսանկարներ