28/05/2026

EU – Armenia

Հայաստանի նկատմամբ Կրեմլի չափազանց կոշտ հռետորաբանությունը մինչև ուր կարող է հասնել

ԵԱՏՄ գագաթաժողովը Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չի ընդունի։ Այդ մասին, ինչպես փոխանցել է ՏԱՍՍ-ը, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա ներկայացմամբ՝ Եվրասիական տնտեսական միության «պայմանագրի փոփոխության մասին խոսք չկա», քանի որ դրա համար «անհրաժեշտ է կոնսենսուս»։ Ռուսաստանի փախվարչապետը, իհարկե, մի փոքր «նենգափոխել» է իրավիճակը։

Պայմանագիրը, որի մասին նա խոսել է, հստակ սահմանում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունը ինքն է որոշում անդամակցությունը դադարեցնելու հարցը և այդ մասին դիվանագիտական խողովակներով իրազեկում կառույցի ղեկավար մարմիններին։

Բայց նույնիսկ այդ դեպքում տվյալ երկիրը դեռեւս տասներկու ամիս պահպանում է ԵԱՏՄ անդամի իրավական կարգավիճակը։

Պայմանագրի իմաստով «անցումային շրջանը» սահմանվում է, որպեսզի ԵԱՏՄ-ից հեռացող երկիրը կարգավորի ֆինանսական պարտավորությունների հետ կապված հարցերը։ Այդ ընթացքում ծագող տարաձայնությունները, ըստ պայմանագրի, լուծվում են ԵԱՏՄ դատարանի կողմից։

Երևում է, Կրեմլում սթափ դատողությունը գերակշռել է։ Դրան, ամենայն հավանականությամբ, նպաստել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հստակ դիրքորոշումը, որ ԵԱՏՄ պայմանագիրը կառույցից անդամ երկրին հեռացնելու իրավական հիմք չունի։

Ըստ երևույթին, Մոսկվան նաև անդամ այլ պետությունների հետ է խորհրդակցել և համոզվել, որ Միության պայմանագրին հակասող որոշում ընդունել «հնարավոր» չէ։

Ասվածից, իհարկե, չի հետեւում, թե ԵԱՏՄ գագաթաժողովում «Հայաստանի հարցը» չի քննարկվելու։ ՌԴ նախագահի օգնական Ուշակովը անոնսավորել է, որ «Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի մտադրությունները» ներառնված են Պուտին-Տոկաև առանձնազրույցի օրակարգում։

Ավելի ուշ ՏԱՍՍ-ը տեղեկացրել է, որ հարցը կքննարկվի ԵԱՏՄ պետությունների առաջնորդների «նեղ կազմով հանդիպմանը»։ Ռուսաստանից և Հայաստանից զատ ԵԱՏՄ անդամ են Ղազախստանը և Ղրղըզստանը։

Կենտրոնական Ասիայի երկրները անցյալ տարի Եվրահանձնաժողովի հետ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել։ ԵՄ-ն որոշակի կապեր է պահպանում Բելառուսի հետ։

Այս ֆոնին ԵԱՏՄ անդամ ոչ մի պետություն չի կարող կողմ լինել Հայաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը, քանի որ դա կլինի նախադեպ, որ կսահմանափակի նաեւ իրենց ընտրությունը։

Չկա ոչ մի երաշխիք, որ վաղը Ռուսաստանի համար անընդունելի չի լինի, դիցուք, Ղազախստանի և Չինաստանի կամ հենց Կենտրոնական Ասիայի երկրների ներքին առեւտրա-տնտեսական ինտեգրացիան։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը խոստովանել է, որ ԵԱՏՄ գագաթաժողովի «օրակարգը, կապված Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի ձգտումների հետ, բարդ է լինելու»։

Հայաստանի նկատմամբ Կրեմլի չափազանց կոշտ հռետորաբանությունը, եթե այն միայն նախընտրական «բոնուս» չէ ընդդիմությանը, կարող է հակառակ էֆեկտն ունենալ և ԵԱՏՄ-ում «կենտրոնախույս տրամադրություններ սադրել»։

Կենտրոնական Ասիայի երկրները ԱՄՆ-ի, Եվրամիության հետ համագործակցության քաղաքական համաձայնության են հասել դեռևս 2025թ․-ին։ Ադրբեջանը ևս միացել է այդ գործընթացին։

Աշնանը Անկարայում գումարվելու է Թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովը։ Մեծ է հավանականությունը, որ ԹՊԿ-ն կստեղծի «Թուրքական ներդրումային հիմնադրամ»։