31/05/2026

EU – Armenia

Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ վիրավորները օտարերկրացիներ են․ Լուսանկար

Մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 09։00-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 243-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 62-ամյա Վահիդ Խ.-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 58-ամյա Ֆարահ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ամուսիններ են։