01/06/2026

EU – Armenia

Հայկական կողմը «ճոխացնու՞մ» է Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

«Երկու երկրի ղեկավարները քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները»,– ասված է հաղորդագրությունում:

Կրեմլի կայքում՝ ավելի վաղ դրված մեկ այլ հաղորդագրության մեջ էլ մեջբերվում է Ռուսաստանի առաջնորդի շնորհավորանքի տեքստը․

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։

Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական բնույթ են կրում, և մենք շահագրգռված ենք դրանց շարունակական առաջանցիկ զարգացմամբ։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարգավաճում և հաջողություններ»։

Ի տարբերություն Կրեմլի տարածած հաղորդագրությունների, ՀՀ կառավարությունում հավելել են, որ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ զանգի և շնորհավորանքի համար։

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ, ՀՀ վարչապետը նաև ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։

Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով։

ՌԴ-ից հնչող սուր քննադատության ֆոնին և հատկապես նախընտրական թեժ շրջափուլում բացառված չէ, որ հայկական կողմը փորձում է իր համար բարենպաստ և նախընտրելի լույսի ներքո ներկայացնել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը։