02/06/2026

EU – Armenia

Ռուսաստանից Վրաստանի հանդեպ ճնշումների մասին

Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատունը ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնատար անձանց և Վրաստանի կառավարության անդամների հետ հանդիպումների մասին պաշտոնական հայտարարություն է տարածել։

Ինչպես փոխանցել է saqinform-ը, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պատվիրակությունը մայիսի 25- 28-ին փակ հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, իրավապահ մարմինների գործունեությունը համակարգող պետական նախարար-փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեի և կառավարության այլ ներկայացուցիչների հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է «երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ հետագա քայլերի հարցը»։

Պետական դեպարտամենտի պատվիրակությունը Վրաստանի կառավարությանը փոխանցել է «կառուցողական, հեռանկարային հարաբերությունների հանդեպ Թրամփի վարչակազմի պատրաստակամությունը և ինքնիշխան գործընկերների միջև երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան սկսելու մեկնարկով նրա հետաքրքրվածությունը»։

ԱՄՆ պետդեպարտամենտը շեշտել է, որ երկկողմ հարաբերությունները պետք է հիմնվեն «փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և անկեղծ երկխոսության վրա»։ ԱՄՆ-ը կարեւորել է Վրաստանի հետ «անվտանգության և էներգետիկայի բնագավառներում համագործակցության խորացումը», որ, սակայն, «կպահանջի այնպիսի պայմանների ապահովումը, որ Վրաստանը կդարձնի հուսալի գործընկեր՝ ներառյալ ամերիկյան ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը և ընդդիմության մասնակցությանը նպաստող ներքին կայունության մթնոլորտը»։

Պետական դեպարտամենտի պատվիրակությունը քննարկումներ է ունեցել նաև Վրաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, որ դարձյալ տարածել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը, պետդեպարտամենտի պատվիրակությունը «խորացած երկխոսություն է ունեցել «Միասնական ազգային շարժում» «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի, «Ուժեղ Վրաստան-Լելո» և «Գախարիան հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունների հետ»։

ԱՄՆ պետական դեպարտամենտի ամփոփ մոտեցումն այն է, որ «գործուն ժողովրդավարությունը պահանջում է քաղաքական ընդդիմություն, որը համագործակցում է պետական ինստիտուտների հետ, որպեսզի պաշտպանի իր օգտին քվեարկած քաղաքացիների շահերը»։

Վրաստանի 2024թ․ խորհրդարանական ընտրություններից ի վեր ընդդիմադիր քաղաքական ուժերի մեծ մասը «Վրացական երազանքի» հաղթանակը չի ճանաչում և պահանջում է արտահերթ ընտրություններ։ Եվրամիությունը վրացական ընդդիմության այդ պահանջին աջակցում է։

Ինչպես հասկացվում է պետդեպարտամենտի հայտարարությունից, ԱՄՆ-ը Վրաստանի ընդդիմությանը հորդորում է պետական ինստիտուտների հետ համագործակցել և պաշտպանել իր օգտին քվեարկած քաղաքացիների շահերը, որպեսզի երկրում ապահովվի կայունության մթնոլորտը։

Վրաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների «նոր դարաշրջանը» շատ էական նշանակություն ունի Հարավային Կովկասի խաղաղության, կայունության, տնտեսական և կոմունիկացիոն ինտեգրացման համար։ ԱՄՆ-ը պետական դեպարտամենտի հայտարարությունը կարեւորել է «արտաքին ազդեցությունների հանդեպ դիմադրողականության ամրապնդումը»։

Խոսքը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանից Վրաստանի հանդեպ ճնշումների մասին է։ Վրաստանի ընդդիմությունը կընդառաջի՞ Դոնալդ Թրամփի հորդորին, կվերադառնա խորհրդարա՞ն։

«Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցության առաջնորդներից Գրիգոլ Գեգելիան հայտարարել է, որ «չնայած «Վրացական երազանքի» հասցրած վնասներին, Վրաստանի հնարավորությունների պատուհանը կրկին բացվում» է։