06/06/2026

EU – Armenia

Չստացվեց կաշառքի գործը, անցան իշխանությունը յուրացնելու մեղադրանքին

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հերթական քրեական վարույթն է նախաձեռնվել։ Եթե նախկինում նրա դեմ հարուցված գործերից մեկը վերաբերում էր ենթադրյալ կաշառք ստանալուն, իսկ մյուսը՝ ինքնիշխանության դեմ ուղղված հրապարակային կոչերին, ապա այս անգամ Քննչական կոմիտեն հայտարարում է իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողությունների վերաբերյալ վարույթի մասին։

Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա հոկտեմբերից կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցված կաշառքի գործը մինչ օրս իր հանգուցալուծմանը չի հասել։

Խոսքը վերաբերում էր շինարարական թույլտվությունների հետ կապված ենթադրյալ 4000 դոլարի կաշառքի պատմությանը, որը, ըստ մեղադրանքի, պետք է փոխանցվեր քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետի միջոցով։ Սակայն գործի քննության ընթացքում առանցքային վկաների ցուցմունքները, ըստ էության, չեն հաստատել մեղադրանքի վարկածը։

Գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ գործարար Սևակ Գոմցյանը հայտարարել է, որ անգամ անձամբ չի ճանաչում Վարդան Ղուկասյանին։ Արդյունքում, այս գործով մեղադրանքի հեռանկարները զգալիորեն թուլացել են։

Ավելի վաղ կարճվել էր նաև քաղաքապետի նկատմամբ հարուցված մեկ այլ վարույթ, որը վերաբերում էր, այսպես կոչված, ինքնիշխանության դեմ ուղղված կոչերին։

Այս ֆոնին երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց նոր քրեական վարույթի մասին։ ՔԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2026 թվականի հունիսի 5-ին ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հատկանիշներով։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը և այլ անձինք, 2025 թվականի ընթացքում տարբեր հանդիպումների և համակիրների հավաքագրման միջոցով, առերևույթ իրականացրել են ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողություններ, սակայն իրենց կամքից անկախ պատճառներով չեն կարողացել անցնել ենթադրյալ հանցագործության իրականացման փուլին։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթի շրջանակում ձեռնարկվում են միջոցառումներ՝ հնարավոր ներգրավված անձանց ինքնությունները, ենթադրյալ գործողությունների մեխանիզմները պարզելու և համապատասխան քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով։

Հիշեցնենք նաև, որ օրենքի համաձայն՝ հանցագործության կատարման մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած Ուշագրավ է, որ նոր քրեական վարույթը նախաձեռնվել է այն ժամանակահատվածում, երբ Վարդան Ղուկասյանի քաղաքական թիմը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին։

Ղուկասյանի կողմնակիցները համոզված են, որ երբ նախորդ գործերով իրավապահներին չի հաջողվել ստանալ ակնկալվող արդյունքը, այժմ շրջանառության մեջ է դրվել նոր մեղադրանք։