06/06/2026

EU – Armenia

ՌԴ նախագահի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացրել» է՝ ի տարբերություն Լաչինի միջանցքի

Հայաստանի քաղաքական ուժերը և փորձագետները Լեռնային Ղարաբաղում 2020-2023 թթ․ իրադարձություններին, հատկապես Լաչինի միջանցքի շրջափակմանը անդրադառնալիս որպես կանոն դիմում են ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ Հայտարարությանը։

Բայց գոյություն ունի Ռուսաստանի Դաշնության նախագահի առ 10 նոյեմբերի 2020թ․ «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման միջոցառումների մասին» թիվ 695 հրամանագիրը, որ առայսօր «կախված» է Կրեմլի պաշտոնական կայքում։

Հայ փորձագետները, որքանով դիտարկվում է, առայսօր ուշադրություն չեն դարձրել այդ իրավական ակտի երրորդ կետին, որով Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարում է «Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանական Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնել»։

Այս հրամանագիրը ստորագրվել է ռազմական գործողությունների դադարեցումից ժամեր հետո։ Ռուսաստանի նախագահը գերազանց գիտեր, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև «անարգել հաղորդակցություն» հաստատելու համար պահանջվում է ոչ միայն կողմերի միջև քաղաքական նոր համաձայնություն, այլև տարիների ինժեներա-շինարարական աշխատանք, որպեսզի վերականգնվի երկաթուղագիծը, կառուցվի ավտոճանապարհ։

Այդուհանդերձ, Վլադիմիր Պուտինը ԱԴԾ-ին հրամայել է Հայաստանի նկատմամբ «վերահսկողություն սահմանել»։ Ճիշտ է, ձևակերպումը «դիվանագիտական» է, բայց հրամանագրի ընդունման ժամանակը վկայում է, որ այդ պահից «Մեղրիի անցուղու» նկատմամբ Հայաստանի իրավազորությունը ենթարկեցվում է ԱԴԾ վերահսկողությանը։

Ի՞նչ հետևանքներ դա կունենար Հայաստանի համար, եթե նոյեմբերի 9 -ի եռակողմ Հայտարարության 9-րդ կետը վերաձևակերպվեր ռուս-ադրբեջանա-հայկական «պայմանավորվածության», մնում է միայն ենթադրել։

Ի դեպ, Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները ժամանակին հայտնել են, որ «տարաձայնությունները ծագել են այն ժամանակ, երբ Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկել է Լաչինի միջանցքի վերահսկողությունը նույնպես փոխանցել ԱԴԾ-ին»։ Հնարավոր է, դա տեղեկատվական սադրանք է։

Բայց Հայաստանի դեպքում պարզ է, որ Ռուսաստանը նախագահի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացրել» է՝ ի տարբերություն Լաչինի միջանցքի, որի վերահսկողությունը վերապահվել է խաղաղարար զորախմբին։