Պետերբուրգի տնտեսական խորհրդաժողովը, ինչպես անգամ ռուսաստանյան «լոյալ» մամուլն է ընդունել, որևէ «դարակազմիկ գործարք» չի արձանագրել։ Նման խնդիր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երևում է, նախապես չի էլ առաջադրել։
Նրան պետք էր հարթակ, որտեղ օտարերկրյա պետական-քաղաքական գործիչներից զատ, ներկա լինեին համաշխարհային առաջատար լրատվամիջոցները, որպեսզի հայտարարի, որ Ուկրաինայի հարցում «դույզն իսկ նահանջ չի լինելու»։ ՌԻԱ Նովոստիի խմբագրականը Պուտինի պետերբուրգյան ելույթը արդարացիոն անվանել է «Մյունխեն-2»։
Ռուսաստանի նախագահը մերժել է պատերազմը դադարեցնելու համար հանդիպում կազմակերպելու մասին Վլադիմիր Զելենսկու առաջարկությունը։ Դա ոչ այլ ինչ է, քան մարտական գործողությունները շարունակելու պատրաստակամության բացահայտում։
Հունիսի 7-ին Ուկրաինային նախագահ Զելենսկին մեկնել է Լոնդոն։ Ըստ տեղեկությունների, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք են ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Մերցը։
Ծրագրված է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի մասնակցությամբ քննարկվելու է Ուկրաինային ռազմական օժանդակությունը մեծացնելու հարցը։ Զելենսկուն կընդունի նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ Երրորդը։
Եկող ամիս Անկարայում կգումարվի ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Տեղեկություն կա, որ Դաշինքի անդամ պետությունները «նախապատրաստվում են Ուկրաինային 70 միլիարդ դոլարի ռազմական աջակցության ծրագիր ընդունել»։
Այս համատեքստում «Նյու Յորք թայսմը» գրել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Թուրքիան «հեռացել է չեզոքությունից և թեքվել Ուկրաինայի կողմը»։ Պետերբուրգի տնտեսական խորհրդաժողովի հարթակից Ռուսաստանի նախագահ Պուտինը Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ դրական է գնահատել, իսկ փոխարտգործնախարար Գալուզինը խոսել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի «մերձենալու» հնարավորությունից։
Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը Եվրամիությունը համարել է «ռազմական կառույց, որ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար է տրամադրված»։ Այդ գնահատականը նա հնչեցրել է՝ անդրադառնալով Հայաստանի «եվրոպական ձգտումներին»։
Ակնարկը թափանցիկ է։ Ըստ Օվերչուկի, Հայաստանը «մտադիր է միանալ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ռազմական կառույցի»։ Ռուսաստանը փաստացի Հայաստանին առաջարկում է իր հետ դառնալ Եվրոպայի թշնամի։
Ուկրաինայում, ցավոք, պատերազմը երկարաձգվելու է։ Իրազեկ աղբյուրների տեղեկությամբ՝ Ռուսաստանը առնվազն ևս երկու տարվա համար շուրջ 400 միլիարդ դոլարի ռազմական ծախսեր է նախատեսում։ Ի՞նչ կտա լոնդոնյան «քառյակ» հանդիպումը։ ՌԻԱ Նովոստին հետխորհրդային տարածքը կոչել է «Ռուսաստանի պերիֆերիա»։
Հայաստանը կարո՞ղ է եվրոպական ձգտումներ ունենալ, բայց չդառնալ «Ռուսաստանի թշնամի»։ Հայաստանը կարո՞ղ է ԵԱՏՄ-ում մնալ, բայց չվերածվել «Եվրոպայի դեմ պատերազմում Ռուսաստանի ֆորպոստի»։
Լոնդոնյան «քառյակի» հանդիպմանը զուգահեռ Ստամբուլում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Հարավային Կովկասի երեք երկրները Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ են ջանքերը համադրել։


Բաց մի թողեք
ԵՄ աուդիտորներ. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թուլանում են՝ վերահսկողության «թույլ» իրականացման պատճառով
ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Պուտինը հասկացնել է տալիս, որ Ուկրաինայի հարցում փոխզիջումներ չեն լինի
Ո՞վ պետք է խոսի Պուտինի հետ. Դուբլինի գագաթնաժողովում քննարկում են այս հարցը