10/06/2026

EU – Armenia

ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության ճնշմամբ․ Մոսկվայի կոշտ գնահատականը

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են իշխանությունների կողմից ընդդիմության վրա ճնշումներով և Արևմուտքի աննախադեպ միջամտությամբ։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ընդդիմության վրա ճնշումն աննախադեպ էր։ Եվ Արևմուտքի միջամտությունը, իմ կարծիքով, նույնպիսի աննախադեպ էր այս տարածաշրջանի համար ընտրական գործընթացների համատեքստում», – ասել է նա Sputnik ռադիոյի եթերում՝ մեկնաբանելով անցած կիրակի կայացած ընտրությունները։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան այս պահի դրությամբ թույլ չի տալիս մտնել ԱԺ։

Հայաստանի անդամակցությունը եվրասիական ինտեգրացիոն կառույցներին բերում է իրական օգուտներ, այլ ոչ թե դատարկ խոստումներ, ուստի հայ ժողովրդի շրջանում կա Ռուսաստանի և այդ կառույցների հետ հարաբերությունների զարգացման հստակ պահանջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ակնհայտ է հայ հասարակության մեջ ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների առաջանցիկ զարգացման և եվրասիական ինտեգրացիոն կառույցների հետ Հայաստանի շարունակական անդամակցության պահանջը, որոնք բերում են իրական, շոշափելի օգուտներ, այլ ոչ թե դատարկ խոստումներ», – ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոյի եթերում։

Դիվանագետն ընդգծել է, որ հայ ժողովրդի աջակցությունը երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև նույնը Ռուսաստանի կողմից, հիմնված է այն ընդհանուր ըմռբնման վրա, թե ինչ են իրականում տալիս այդ կապերը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս պահանջն ազնիվ է. այն հիմնված է իրական ըմբռնման վրա, այլ ոչ թե խոստումների կամ մանիպուլացված տեղեկատվության։

Մարդիկ ցուցադրում են այս ընտրությունը, այս աջակցությունը՝ հիմնված փոխազդեցության իրական, շոշափելի արդյունքների վրա։ Նրանք տեսնում են, գնահատում են, աջակցում են», – հավելել է Զախարովան։