Վրաստանի «Ընդդիմադիր ալյանսի» ներկայացուցիչներ Գիգի Ծերեթելին, Զուրաբ Ջափարիձեն և Գիգա Բաքերիան համատեղ հայտարարություն են տարածել։
Ընդդիմադիր գործիչները համոզմունք են հայտնել, որ «Վրաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակում», բայց «իշխանությունները չեն օգտագործում հնարավորությունը, որպեսզի Արևմուտքի հետ համագործակցոությունը ամրապնդեն»։
Վրացի ընդդիմադիր գործիչների գնահատմամբ, Հարավային Կովկասում Ռուսաստանի «ազդեցությունը թուլանում է, իսկ ԱՄՆ հետաքրքրությունը՝ աճում»։ Նրանք գտնում են, որ «տրանզիտային և ենթակառուցվածքային նոր նախագծերը Վրաստանի համար անվտանգության ոլորտում հնարավորություն են բացում՝ լինելու արևմտյան ռազմավարական ճարտարապետության կարեւոր մասը»։
Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները գլխավոր նպատակ են սահմանել «ազատ և արդարացի ընտրությունների անցկացումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, արեւմտյան գործընկերների հետ հարաբերությունների վերականգումը և Վրաստանի վերադարձը եվրաատլանտյան ինտեգրման ուղուն»։
Հատկանշական է, որ Վրաստանի «Ընդդիմադիր ալյանսի» երեք ներկայացուցիչները սկզբունքային նշանակության հայտարարությունը տարածել են Հայաստանի խորհրդարանական ընտրություններից երկու օր հետո։
Վրացական ընդդիմությունը խորհրդարանական անցած ընտրությունների արդյունքները չի ճանաչում և պայքարում է նոր ընտրությունների անցկացման համար։ Մայիսի վերջին ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը Թբիլիսիում բանակցություններ է վարել ինչպես վարչապետ Կոբախիձեի, այնպես էլ ընդդիմության առաջնորդների հետ։
Վաշինգտոնը Վրաստանում արտահերթ ընտրությունների նախապայման չի առաջադրում, բայց երկրի քաղաքական կյանքին նրա ազատ մասնակցությունը կարեւորում է։
Ուշագրավ է, որ հունիսի 9-ին 2024թ․ հոկտեմբերի 4-ի, այն է՝ «զանգվածային անկարգությունների գործով» կալանավորված ութ անձինք դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։
Պաշտոնապես հայտարարվել է, որ նրանք «ընդունել են իրենց մեղքը և դատախազության հետ համաձայնության եկել»։ Կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել «մասնակի համաներում», և Վրաստանի իշխանությունները նման որոշում ընդունել են պետդեպարտամենտի պատվիրակության հետ բանակցությունների համատեքստում։
Վրաստանի արտաքին քաղաքականության «վերբեռնումը» լուրջ նշանակություն ունի նաև Հայաստանի համար։ Վարչապետ Կոբախիձեն գնահատել է, որ հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում Նիկոլ Փաշինյանը մեծ ներդրում ունի։
Հայաստանի վարչապետը կարող է զգալիորեն նպաստել Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների բարելավմանը։

Բաց մի թողեք
Մակրոնը Չինաստանին է գրավում G7-ի հետ կապերով
Բուլղարիան դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
Թրամփի դեղերի գնագոյացման պատերազմը հասնում է Գերմանիային