Թուրք-իսրայելական լարվածությունը աճում է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լիբանանում և Սիրիայում Իսրայելի «ռազմագործողությունները հասել են ուղղակի սպառնալիքի մակարդակի»։
Նա Երուսաղեմին «Միջերկրական ծովում ցանկացած նախաձեռնությունից ձեռնպահ մնալու» կոչ է արել։ «Թուրքիան տարածաշրջանում իր շահերի խաթարման դեպքում միանշանակ պատասխան կտա»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև որոշակի հասցեագրումներ է արել Հունաստանին՝ պաշտոնական Աթենքին մեղադրելով Արևելյան Միջերկրածովում և հատկապես Կիպրոսում «բաժանումներ մտցնելու» մեջ։
Էրդողանը միաժամանակ «սիոնիզմի ենթակապալառու» է անվանել «մանր խաղացողներին, որ անհամաչափ հավակնություններ ունեն»։ Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել Կիպրոսի իշխանություններին։
Հատկանշական է, որ Կիպրոսի նախագահ Խրիստոդուլիդիսը մեկ շաբաթ առաջ այցելել է Ղազախստան։ Էրդողանը, ինչպես հասկացվում է, այդ այցը կապում է Իսրայելի հետ, որ ձգտում է Միջերկրականի արեւելյան հատվածում Կիպրոսի հետ համատեղ «անվտանգության գոտի» ստեղծել։ Իրականում Թուրքիայի մտահոգությունը պայմանավորված է այդ տեղաշրջանում գազի պաշարների արդյունահանման հեռանկարով։
Թուրք-իսրայելական լարվածության աճի ֆոնին ստացվել է երկու ուշագրավ տեղեկություն։ Թուրքական աղբյուրները հայտնել են, որ հունիսի սկզբին Ռուսաստանի ռազմածովային ուժերի երկու նավ մտել է Տարտուսի նավահանգիստ։
Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալումից ի վեր դա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը հնարավորություն է ստացե մատակարարումներ անել իր ռազմահենակայանին։ Ի՞նչ բեռներ են հասել Սիրիա, հայտնի չէ կամ թուրքական մամուլը չի հրապարակել։
Փաստ է, որ Սիրիայի անցումային իշխանությունները գործում են Անկարայի հետ սերտ պայմանավորվածությամբ։ Եվ եթե Էրդողանը համաձայնություն չտար, ապա Ռուսաստանի ռազմանավերը Տարտուսի նավահանգիստ չէին մտնի։
Երկրորդ կարևոր տեղեկությունը արդեն վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին։ Առաջիկա օրերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը կայցելի Մոսկվա։ Այցը աշխատանքային է, նախատեսված է, որ նա բանակցություններ կվարի ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ։
Ո՞րն է Լավրով – Ֆիդան բանակցությունների օրակարգը, առայժմ հայտնի չէ։ Վերջին երեք տարիներին Անկարան մի քանի անգամ «անհամբերությամբ սպասել» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին։

Բաց մի թողեք
Ինչպես են սմարթֆոնները կոտրել բրիտանական քաղաքականությունը։ Ինչո՞ւ են Մեծ Բրիտանիայի վարչապետները անընդհատ ընկնում
«Էրդողանը վերջին մարդն է, որը կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ». Նեթանյահու
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ուղղությամբ հզոր հարվածների մասին. իրանական զորքերը բերվել են մարտական վիճակի