Իլհամ Ալիևը ընդունել է Պաղեստինի վարչապետ Մուհամադ Մուստաֆային։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։ Ըստ հաղորդագրության, Ալիևը վերահաստատել է Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստինի անկախ պետությանը աջակցությունը։
Մուհամադ Մուստաֆան երախտագիտություն է հայտնել Ռամալայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություն հաստատելու և Բաքվում Պաղեստինի դեսպանատան պահպանման ծախսերը հոգալու համար։
Հանդիպման ընթացքում Ալիևը հայտնել է Պաղեստինում դպրոց կառուցելու, պաղեստինցի մի խումբ ուսանողների ուսման վարձը հոգալու որոշման մասին։ Քննարկվել է Պաղեստինից Ադրբեջան գյուղատնտեսական որոշ մթերքների արտոնյալ հիմունքներով ներմուծման հարցը։
Պաղեստինի ինքնավարության վարչապետի Բաքու այցը, անկասկած, դպրոցաշինության կամ գյուղմթերքների արտահանման հարց չի լուծում։ Այն տեղի է ունեցել մի փուլում, երբ թուրք-իսրայելական լարվածությունը նոր դրսեւորումներ է ունենում, որ ազդում են նաև իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին։
Մոտ երկու ամիս առաջ Իլհամ Ալիևը, խոսելով Պաղեստինի պետություն հռչակելու մասին, հայտարարել է, որ դա «պաղեստինցիների խնդիրն» է։ Վերջերս ադրբեջանական մամուլը Պաղեստինի ազատագրման կազմակերպության նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթին մեղադրել է «հայկական ահաբեկչությունը հովանավորելու» մեջ։
Մուհամադ Մուստաֆայի Բաքու այցը վկայում է, որ Ադրբեջանի և Պաղեստինի ինքնավարության հարաբերությունները միջազգայնորեն հրապարակայնացվում են։ Ռամալայում որոշել են եկող տարի «նախագահական ընտրություններ» անցկացնել։ Ինքնավարության գործող առաջնորդ Մահմուդ Աբասը 91 տարեկան է։ Կարելի է ենթադրել, որ նա պաշտոնը կզիջի վարչապետ Մուհամադ Մուստաֆային։
Ալիև- Մուստաֆա հանդիպումը կայացել է մի փուլում, երբ ՀԱՄԱՍ-ը Գազայում «իշխանությունը հանձնել» է։ Ավելի վաղ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Գազայի «կայունացման ուժերի» ստեղծմանը։ Ենթադրվում է, որ եկող տարի Գազայի կառավարումը «կանցնի Ռամալայի իշխանություններին»։ Բայց Պաղեստինի հարցում որևէ առաջընթաց պայմանավորված է Իսրայելի դիրքորոշմամբ։
Այն մնում է անհանդուրժողական։ Գործող վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ «անվտանգ գոյություն երաշխավորելու համար հրեական պետությունը պետք է զսպման քաղաքականությունից անցնի կանխարգելման»։ Որպես օրինակ նա վկայակոչել է Գազայում, Լիբանանում և Սիրիայում իսրայելական բանակի ներկայությունը։ Իսրայելում խորհրդարանական ընտրությունները հազիվ թե այդ հարցում որևէ փոփոխություն բերեն։
Պաղեստինի հարցում, այսպիսով, Ալիևը կարող է հայտնվել Իսրայելի հետ տևական դիմակայության մեջ, եթե, իհարկե, Մուհամադ Մուստաֆայի Բաքու այցը այլ ենթատեքստ չունի։ Բացառված չէ, որ Իսրայելի իշխանությունների հետ «սեպարատ պայմանավորվածությունների» համար Ռամալան դիմել է Բաքվի օգնությանը։
Ամեն դեպքում, կարծես, Ալիևը հայտնվել է իսլամական համերաշխության, Թուրքիայի ռազմավարական դաշնակցության և Իսրայելի հետ հարաբերությունները չխաթարելու ընտրության միջակայքում։

Բաց մի թողեք
Ալիևը ծանր է տարել ԱՄՆ պետական դեպարտամենտի պարզաբանումը
Ալիևը Բայրամովին ներդնում է Պուտինի տակ, «հարգանքի» տուրք է
Ռուսնե՞րն են սպանել ադրբեջանցի կապիտանին, դին գտել են․ ԱԳՆ-ի հայտարարությունը