17/07/2026

EU – Armenia

Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին

Եմենի հութիները Բաբ էլ-Մանդեպի նեղուցի առափնյակում հարվածային անօդաչուներ և հրթիռարձակման կայանքներ են տեղաբաշխել և սպասում են Իրանի հրամանին, որպեսզի թիրախավորեն առեւտրային նավերը և արգելափակեն միջազգային առևտրի այդ կարեւոր երթուղին։

Այս տեղեկությունը, հղելով «երեք իրազեկ աղբյուրների», տարածել է Reuters հեղինակավոր գործակալությունը։

Իսրայելական vesty ռուսալեզու կայքը իր հերթին մեջբերել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը․ «Մենք Միացյալ Նահանգներին, որպես մեր տարածաշրջանից դուրս գտնվող տերության, թույլ չենք տա խառնվել Հորմուզի նեղուցի շուրջ գործերին։

Եթե Թրամփի վերջին սպառնալիքը գործի դրվի և Իրանի ենթակառուցվածքները հարվածի ենթարկվեն, տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքները իրանական ուժերի հուժկու հարվածներով կփլուզվեն»։

Չափազնաց կարևոր է հիշեցնել, որ Բաբ էլ-Մանդեպի նեղուցի գերկարևորության մասին Իրանի նախկին հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելուց հետո խոսել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ասել է, որ Իրանը «Բաբ էլ-Մանդեպի նեղուցը կարող է օգտագործել որպես ջերմամիջուկային զենք»։

Այդ առթիվ նկատել էինք, որ Ռուսաստանը, կարծես, «տորպեդահարում է իրանա-ամերիկյան համաձայնությունը»։ Որքանո՞վ է Թեհրանը «ականջալուր եղել» Մեդվեդևի «խորհրդին», դժվար է ասել։ Փաստ է, որ Իսլամական հանրապետությունը Հորմուզի նեղուցում առաջինն է խախտել պայմանավորվածությունը՝ պնդելով, որ նավարկությունը կարող է իրականացվել միայն «իրանական երթուղով»։

Պարսից ծոցում և Կարմիր ծովի շուրջ ստեղծված իրավիճակը հղի է տարածաշրջանային լայնածավալ պատերազմի սպառնալիքով։ Արաբական մի շարք երկրներ, որ նախկինում ԱՄՆ-ին հորդորել են Իրանի հետ բանակցություններ սկսել, անցած օրերին դիրքորոշում են փոխել։ Նրանք ակնկալում են, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ հարվածները կշարունակի և կհասնի նպատակին։

Հուլիսի 16-ին լրագրողները ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովին հարցրել են՝ «անիմա՞ստ չէ խոսել ուկրաինական կարգավորման մասին՝ նկատի ունենալով Իրանի շուրջ իրավիճակը»,- ինչին նա պատասխանել է մանվածապատ ձևակերպումներով, բայց հասկանալ է տվել, որ «շատ հակամարտություններ հնարավոր չէ կարգավորել «գործարքով»՝ ինչպես դա անվանում են ԱՄՆ-ում»։

Պեսկովը փաստացի չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի այն գնահատականը, որ «մոտ ապագայում Վլադիմիր Պուտինը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»։ Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը Ռուսաստանի համար մի քանի առումներով պարզապես նվեր է։

Բայց գերկարևոր է, որ «Իսլամաբադյան հուշագիրը», հավանաբար, այլևս ռուս-ուկրաինական հրադադարի նախադեպ չի դիտարկվի։