Ինչպես բացատրել ՔՊ-ական «ուսապարկերին», որ իրենց խորհրդարան գործուղած հայ հասարակությունը նրանց չի լիազորել ավազանի անունով կոչելու Ամենայն հայոց կաթողիկոսին:
Հրապարակ թերթը գրել է․ Եթե անգամ ինչ-որ մի աննշան զանգված համաձայն է այդ վարքագծին, դեմ չէ, որ կաթողիկոսը փոխվի, անհավատ է, աստվածավախ չէ, եկեղեցասեր չէ, ապա հանրության գերակշռող մասը մերժում եւ դատապարտում է այս արշավը: Եվ դրանում համոզվելու համար մեծ խելք ունենալ պետք չէ, բավական է այդ «համարձակ» տղաներն ու աղջիկները փոքրիկ հարցախույզ անեն իրենց շրջապատում, դիտեն լրատվամիջոցների հարցումները, հետաքրքրվեն սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, հետեւեն այս արշավի մեկամյա պատմությանը:
Մենք, իհարկե, այնքան միամիտ չենք, որ կարծենք, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները Եկեղեցին մաքրելու, բարեփոխելու նպատակներ կարող են հետապնդել: Նույնիսկ չենք կարծում, որ այս արշավի հիմքում Գարեգին Բ-ի` Փաշինյանին ուղղված հրաժարականի պահանջն է ընկած կամ պետական գործընթացներին Վեհափառի եւ Եկեղեցու միջամտությունը:
Պարզ է, որ սա դրսից «իջեցված» հրահանգ է, որը կատարում են այս «ազգակործան պատուհասները»: Վատ են կատարում, այնպես են կատարում, որ հրահանգի կոպիտ կարված թելերն աչք են ծակում, եւ բոլորը դա տեսնում են: Անգամ երբեմն չեն էլ թաքցնում դա: Օրերս պատգամավորներից մեկն ուղղակի «ցուցմունք» տվեց այդ մասին, ասելով` Փաշազադեն հոգեւոր առաջնորդ է, Գարեգին Բ-ն` ոչ:
Պարզ է նաեւ, որ ընտրակեղծարարությունից եւ իշխանություն զավթելուց հետո այս իշխանությունն առավել լկտի է դարձել, առավել բացահայտ է գործում ու թշնամու կամքը կատարում: Հակառակ պարագայում` եթե մանավանդ մի քիչ խելք ունենային եւ մտածելու ունակություն, կհասկանային, որ մի օր դանակը, այնուամենայնիվ, հասնում է ոսկորին, եւ անգամ ամենահնազանդ հոտը երբեմն ընդվզում է: Չի կարելի մարդկանց համբերության բաժակը լցնել, ստուգել այդ համբերության սահմանները:
Մարդիկ կարող են ամեն զրկանքի ու հալածանքների դիմանալ, շատ ավելի վատ բաներ հանդուրժել, բայց իրենց կրոնական զգացմունքներին, իրենց սրբություններին ուղղված ոտնձգություններին միշտ չէ, որ կդիմանան:
Տասնյակ տարիներ կարող են հանդուրժել կոռուպցիան եւ իշխանության հղփանալը, բայց մի գեղեցիկ օր դուրս գալ փողոց ու ամեն ինչ ջարդուփշուր անել, մերժել, ինչպես արեցին 2018-ի ապրիլին: Եվ այդ պահին կարեւոր չէ` առաջնորդողը մի Նիկոլ Փաշինյան է, թե ցանկացած Պողոս Պետրոսյան: Այդ օրն անպայման մի օր գալիս է:

Բաց մի թողեք
Ասում է` ինձ ո՞վ կտար 700 հազար դրամ աշխատավարձ, եւ ծառայում է իշխանություններին
Իշխանությունը գտել է Վեհափառի գործը քննելու համար «ամենահարմար» թեկնածուին․ Լուսանկար
Այլընտրանքային ճանապարհը 3 տարում են կառուցելու, իսկ գործող ճանապարհը ե՞րբ են հանձնելու